Բոլոր գեներալները մեզ են սպասում, ռազմականի տղերքը մեզ ուղեկցում են, գնում ենք, մեզ ընդունում են։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 8-ին, Էջմիածնի զորամասի դիմաց հայտարարեց անհետ կորած զինծառայողի ծնող Անահիտ Ադոյանը։

Անհետ կորած զինծառայողների հարազատներից ոմանք թերահավատորեն մոտեցան, ընդգծելով, որ կխաբեն իրենց եւ չեն ընդունի, կամ էլ նույն հեքիաթն են պատմելու եւ իմաստ չկա գնալու։

Այնուամենայնիվ, քննարկումներից հետո միաձայն որոշեցին գնալ Պաշտպանության նախարարություն, որտեղ իրենց սպասում են գեներալներ Անդրանիկ Մակարյանը, Վարդան Նշանյանը, Օնիկ Գասպարյանը։

Հիշեցնենք, որ անհետ կորած զինծառայողների հարազատները մի քանի ժամ է՝ ինչ Էջմիածնի զորամասի դիմաց ակցիա են անում։ Նրանք արդեն 49-րդ օրն է՝ ինչ որեւէ լուր չունեն իրենց երեխաներից։ Անդրանիկ Մակարյանն այն գեներալն է, որն ըստ նրանց՝ իրենց երեխաներին ուղարկել է մարտական գործողության։