Այն ամենը՝ ինչ տեղի է ունենում՝ անվանում եմ էլիտաների հեղաշրջման փորձ, որովհետև այն պրոցեսները, որոնք տեղի են ունենում միտումնավոր շրջանցում են Հայաստանի ժողովրդին, որն իշխանություն ձևավորողն է։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 8-ին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանն՝ անդրադառնալով դիտարկմանը, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրաժարական չտվեց և Հանրապետությունով մեկ անհնազանդության ակցիաներ են արվում։

«Մի խումբ քաղաքական գործիչներ որոշել են, որ իրենք պետք է ՀՀ վարչապետ որոշեն և այդ մարդուն նշանակեն երկրի ղեկավար՝ մեկ տարով և չեն խոսում, օրինակ, ընտրությունների մասին։ Այսինքն՝ ՀՀ քաղաքացիներից վերցնում են ընտրելու իրավունքը, դա թերևս զարմանալի չէ, հաշվի առնելով այն, թե ում կողմից է կազմակերպված այս էլիտաների հեղաշրջման փորձը, որովհետև հեղափոխությունից հետո շատ ու շատ տարբեր էլիտաներ կորցրել են գումար աշխատելու, կոչումներ ստանալու հնարավորությունները և այսօր տեսնելով բարդ իրավիճակը տարբեր քաղաքական ուժերի կողմից բրդվում են առաջ, որպեզի ՀՀ-ում իշխանափոխություն լինի»,- նշեց Ալեն Սիմոնյանը։

Լրագրողները հիշեցրեցին, որ ընդդիմությունը խորհրդարանական արտահերթ ընտրությունների մասին հայտարարել է, որ մեկ տարվա ընթացքում պետք է դրանք իրականացվեն։ Ալեն Սիմոնյանին զարմացրեց մեկ տարվա փաստը, թե ինչո՞ւ չեն ցանկանում հիմա անել։

ԱԺ փոխնախագահը նշեց, թե ինքը չի բացառում, որ խորհրդարանական արտահերթ ընտրություններ կարող են լինել։ Հարցին, թե ինչո՞ւ այդ դեպքում չեն հայտարարում դրա մասին, ասաց, թե դրա հետ կապված որոշում չկա։

«Ես չեմ բացառում, որ ինչ որ ձևով ինչ–որ ժամանակ, երբ մենք հասկանանք, որ իրոք պրոցեսներն ավարտված են, ռազմագերիների հարցն ինչ–որ ձևով լուծված է, երբ որ մարդկանց մոտ հուզմունքը կվերածվի սառը դատողության, արտահերթ ընտրություններ կլինեն։ Բայց սա որոշում չի, իմ անունից եմ ասում։ Այս իշխանություններին կարելի է տարբեր բաների մեջ մեղադրել, բայց այս իշխանությունը եզակի է, որն այնպիսի երկու ընտրություն է իրականացրել, որը որևէ մեկի մոտ թե՛ ներսում, թե՛ դրսում, կասկած չի առաջացրել։ Իսկ ո՞վ որոշեց, որ օրինակ, պետք է Վազգեն Մանուկյանը լինի վարչապետ, կարող է դուք ուզում եք, որ Էդմոն Մարուքյանը լինի, կամ էլ լրագրող Նարեկը»,- նկատեց Սիմոնյանը։

Ըստ նրա՝ եթե հիմա էլ անցկացվեն ընտրություններ, ապա իշխող խմբակցությունը նորից հաղթելու է, ինքը դրանում համոզված է։