Հայ-«ադրբեջանական» սահմանազատման դրվագ Սյունիքում
1921 թ․ մարտի 21-ին ստորագրվել էր ռուս-թուրքական եւ ոչ թե հայ-թուրքական պայմանագիր հայ-թուրքական սահմանի վերաբերյալ։ Այդ պայմանագրով Թուրքիային անցան Կարսի, Արդահանի եւ Սուրմալուի շրջանները Արարատ լեռով, Բաքվին՝ Նախիջեւանը։ Նույն տարվա հոկտեմբերին ստորագրված Կարսի պայմանագիրը ոչինչ չփոխեց, քանի որ կար Մոսկվայի նախադեպը։ Ներկայում Մոսկվան փորձում է խուսափել այս իրավաբանական կազուսից։ Թուրքիայի կամակատար հսկայական երկիրը ճնշելու է Հայաստանին ստորագրել հայ-«ադրբեջանական» պայմանագիր։ Անմիջնորդ։
Նոյեմբերի 27-ին Սոթք թուրքերի ներխուժումից հետո ՀՀ ԱԳՆ-ն հայտարարեց, որ «պետական սահմանի սահմանագծումը և սահմանազատումը տևական, համալիր գործընթացներն են, որոնք իրականացվում են պետությունների միջև ձևավորվող համատեղ միջգերատեսչական հանձնաժողովների և աշխատանքային խմբերի կողմից՝ միջպետական բանակցությունների ճանապարհով, որի արդյունքում կնքվում է համապատասխան միջազգային փաստաթուղթ»:
Այսօր ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հայտարարեց, որ մենք պարտվել ենք, եւ որքան էլ ծանր լինի՝ պետք է երկխոսություն սկսել հաղթողի՝ «Ադրբեջանի» հետ։ Այսինքն, քառագլուխ հրեշի դեմ հազարավոր զոհերի գնով կռված Հայաստանը պարզվում է պարտվել է «Ադրբեջանին»։ Նրա այս հայտարարությունն անմիջապես մեկնաբանվեց որպես դիվանագիտական հարաբերություններ հաստատելու ցանկություն։
Ըստ էության, պատրաստվում է փոխադարձ ճանաչում, Հայաստանը ճանաչելու է սահմանները, որոնք մինչ այդ գծում են Մոսկվան ու Բաքուն։ Սոթքի, Սյունիքի բնակավայրերի իրադարձությունները դրա վկայությունն են։
Ղարաբաղի դեպքում էլ լիարժեք աշխատեց Տեր-Պետրոսյանի առաջարկած «անջատում հանուն փրկության» թեզը, որը մի քանի օր կրկնում էր Նիկոլ Փաշինյանն իր հարցազրույցներում։ Դատելով հայկական քաղաքական դասի ներկայիս պահվածքից՝ Լավրովյան պլանին հավատարմության համատեքստում, այս պարագայում, երբ Արցախն անջատվեց Հայաստանից, ընդամենը կարելի է հարցնել՝ Հայաստա՞նը փրկվեց Արցախից, թե հակառակը։ Փոխարենը Մոսկվան դարձավ փրկիչը, նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության կամ լավրովյան պլանի «գաղտնի հավելվածով» հաջորդ փուլում էլ Արցախի այդ մասն է հանձնվելու «խաղաղ համակեցության»։
Լավրովյան պլանով Բաքուն ընտրվել է Հայաստանը ոչնչացնող կատարածու-ագենտ