Նախ եկեք հասկանանք, թե մենք ում դեմ ենք պատերազմել եւ ինչ ենք ժառանգել դիվանագիտական ճակատում: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 9-ին, ԱԺ-ում լրգրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արամ Խաչատրյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ իրենց թիմը պարտություն է կրել թե պատերազմում, թե դիվանագիտական ճակատում:

«Շատերը փորձում են կոնտեքստից կտրել ու ամեն ինչ բարդել այս իշխանության վրա: Ես ընդունում եմ, որ դա մեր ժամանակներում է եղել, բայց մենք ժառանգել ենք այդպիսի դիվանագիտություն: Գիտեք, որ Արցախը բանակցային սեղանից հանվել է դեռեւս 20 տարի առաջ, այնուհետեւ եղել են Մադրիդյան սկզբունքները, Կազանյան փաստաթուղթը, իսկ 2013-ին մեզնից աշխարհը պահանջում էր այդ 7 շրջանների վերադարձը Ադրբեջանին: Իսկ կոնկրետ ռազմական փուլում մենք պատերազմել ենք Թուրքիայի ու Ադրբեջանի, սիրիական ու պակիստանյան վարձակնների դեմ եւ լավ ենք հասկանում, որ ուժերի հարաբերակցությունն անհամեմատելի է: Մեր զինվորները հերոսաբար են կռվել: Փաստն այն է, որ այս 2,5 տարվա մեջ կառավարությունը՝ վարչապետի գլխավորությամբ, շատ մեծ բարեփոխումներ են արել Զինված ուժերում, բայց այն ուժերի դեմ էինք կռվում, որ գրեթե անհնար էր հաջողություն ունենալ: Այս դիվանագիտությունը մենք ժառանգել ենք նախորդ իշխանությունից»,-ասաց նա:

Հարցին, թե երբ գալիս էին իշխանության չգիտեի՞ն, որ երկիրը գտնվում է կիսապատերազմական վիճակում, որ կա Արցախի չլուծված հարց, եւ ՆԻկոլ Փաշինյանն էլ հայտարարեց, որ բանակցությունները սկսելու է զրոյական կետից, «Իմ քայլի» պատգամավորը պատասխանեց. «Մենք թե դիվանագիտական ճակատում, թե ռազմաճակատում արել ենք գրեթե անհնարինը: Բայց այդ տարածքները մեզնից ոչ թե Ադրբեջանն էր պահանջում, այլ ամբողջ աշխարհը: Դա ՄԱԿ-ի կոնվենցիայով էլ է այդպես: Այո, վարչապետն ուզում էր զրոյական կետից սկսել բանակցությունները եւ երբ Ադրբեջանն զգաց, որ ժամանակն իրենց օգտին չի գնում, սանձազերծեցին այս պատերազմը»:

«Իմ քայլի» պատգամավորը վստահություն հայտնեց, որ Ադրբեջանն այս պատերազմին դեռ 10-15 տարի առաջվանից էր պատրաստվում: