Մոսկվայի շրջանում հետաքննում են հայ ձեռնարկատիրոջ սպանությունը: Սպանողը կրակել է աչքերին:

42 տարեկան Հայաստանի քաղաքացին հարձակման է ենթարկվել այսօր առավոտյան Նոգինսկի շրջանի Կրասնիյ Էլեկտրիկ արվարձանում: Այս մասին հայտնում է  Regnum գործակալությունը` հղում կատարելով ՌԴ քննչական կոմիտեի շրջանային գլխավոր քննչական վարչության պաշտոնական կայքին:

Տուժածը հոսպիտալացվել է աչքի հրազենային վնասվածքով, սակայն Նոգինսկի կենտրոնական շրջանային հիվանդանոցում չեն կարողացել փրկել նրա կյանքը:

Հարուցվել է քրեական գործ ՌԴ քրեական օրենսգրքի 105-րդ հոդվածի 1-ին կետով: Վարկածներից մեկի համաձայն հանցագործությունը կապված է զոհի ձեռնարկատիրական գործունեության հետ:

Տեղի հետազոտության ժամանակ ոստիկանության աշխատակիցները հայտնաբերել են փամփուշտներ և փայտե մական: Ներկա պահին քննիչները փորձում են պարզել կիլլերի ինքնությունը:

Հիշեցնենք, որ վերջին օրերին սա արդեն երկրորդ հայի սպանությունն է Նոգինսկի շրջանում: Հուլիսի 28-ին Նոգինսկում սպանվել էր Հայաստանի 26 ամյա քաղաքացի: Սպանության մեջ մեղադրվում է 41 ամյա տղամարդ, որին դուր չէր եկել, որ հայը իր ընկերների հետ լսում է բարձր երաժշտություն: