Երևանում պայթեցրել են «Հայէկոնոմբանկի» գործադիր տնօրենի ավտոմեքենան. գրում է Shamshyan.com–ը։
«Այսօր, դեկտեմբերի 9-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08։30-ի սահմաններում ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ Արաբկիր վարչական շրջանի Դավթյան փողոցի 1/4 շենքի բակում պայթյուն է տեղի ունեցել։ Ոստիկանները պարզել են, որ դեռևս անհայտ հանգամանքներում, պայթեցրել են Lexus մակնիշի ավտոմեքենան»,–նշված է կայքում։
Ըստ կայքի տեղեկությունների` պայթեցված ավտոմեքենան որպես տրանսպորտային միջոց շահագործվում է «Հայէկոնոմբանկի» գործադիր տնօրեն Արամ Խաչատրյանի կողմից, սակայն նա ավտոմեքենայում չի եղել։ Վարորդը աշխատանքի գնալիս գործի է գցել շարժիչը, և մի քանի մետր առաջ ընթանալով` պայթյուն է տեղի ունեցել։