«Որևէ ընտրատեղամասում  մեր վստահված անձիք չեն լինելու,մենք ընտրություններին չենք հետևելու, քանի որ  դրա իմաստը չենք տեսնում: Ըստ էության  ընտրության օրինականությունն այդպես էլ չապահովվեց»,-այսպես է կարծում  ՀՀ  նախագահի թեկնածու Արման Մելիքյանը: Վերջինս հայտարարեց, որ չի մասնակցելու ընտրություններին, բայց բոլորին կոչ արեց գնալ և քվեարկել:

Արման Մելիքյանի խոսքերով փետրվարի 18-ից հետո լինելու է նոր քաղաքական իրավիճակ. «Կլինի դա պոզիտիվ թե նեգատիվ , արդեն ցույց կտա ինքը գործընթացը:Այս ամենը կարող է հիմք դառնալ ներկայիս խորհրդարանը ցրելու համար: Սա նաև լավ առիթ է ԱԺ-ն մաքրել գործարար պատգամավորներից»:

Նախագահի թեկնածուն անդրադառնալով իր հակառակաորդներին՝ ասաց. «Եթե Րաֆֆի Հովհաննիսյանն ասում է, որ դե յուրե ընտրություններ չկան, ապա ինչպես է գնում դե ֆակտո ընտրություններին, նույնը վերաբերում է նաև ուրիշներին»:

Արման Մելիքյանի խոսքերով  միայն  Պարույր Հայրիկյանի ներկայանալը բավական է՝ ընդհանուր թեկնածուի շուրջ ցանկացած խոսակցություն վարկաբեկելու համար:

Նախագահի թեկնածուն նշեց նաև, որ ծանոթ է դատախազության տարածած հայտարարությանը: Արման Մելիքյանն իր մոտ հրավիրեց իր շտաբի պետ Էլյանոր Ասատրյանին, որպեսզի վերջինս պատմի, թե ինչպես են եկել իր մոր տուն և կաշառք առաջարկել ՀՀԿ-ի կողմից. «Դեպքից հետո քննիչն այցելել է մեր գրասենյան, բացատրություն է վերցրել Արման Մելիքյանից, այնուհետև խնդրել էին շտաբից  2 հոգի ներկայանալ հատուկ քննչական ծառայություններ , գնացել ենք, տվել բացատրությունները, այնուհետև ոչ մի կապ, ոչ մի լուր չի եղել»,- եզրափակեց Էլյանոր Ասատրյանը: