Հակերները կոտրել են ԱՄՆ ֆինանսների նախարարության և Հեռահաղորդակցության և տեղեկատվության ազգային վարչության համակարգը և տվյալներ հափշտակել, հաղորդում է Reuters- ը՝ վկայակոչելով իրազեկ աղբյուրներ:
Ըստ աղբյուրների՝ հարձակման հետևում հաքերների խումբ է կանգնած, որին օտարերկրյա կառավարություն է աջակցում: Միևնույն ժամանակ, տեղեկատվություն չի տրամադրվում այն մաին, թե որ երկրի իշխանությունների մասին է խոսքը։
ԱՄՆ կառավարությունն արդեն ստացել է միջադեպի մասին հաղորդագրություններ:
«Ձեռնարկվում են բոլոր անհրաժեշտ քայլերը՝ այս իրավիճակի հետ կապված ցանկացած հնարավոր խնդիր հայտնաբերելու և լուծելու համար», – հայտարարել է Ազգային անվտանգության խորհրդի պաշտոնական ներկայացուցիչ Ջոն Ուլիտը:
Դեպքի կապակցությամբ Սպիտակ տանը Ազգային անվտանգության խորհրդի նիստ է տեղի ունեցել, հայտնել է աղբյուրներից մեկը: