Ինչպես արդեն հայտնել էինք ,Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը հրապարակել է ազգային հավաքականի ընդլայնված կազմը, որը պետք է նախապատրաստվի առաջիկա հանդիպմանը:
ՀՖՖ պաշտոնական կայքը ներկայացրել է նրա հետ հարցազրույցը:
-Պարոն Մինասյան, դուք հրավիրել եք 29 ֆուտբոլիստների: Ինչո՞վ է պայմանավորված ֆուտբոլիստների այսպիսի մեծ քանակը:
- Նախ ասեմ, որ հրավիրված 29 խաղացողներից կընտրվեն 23 խաղացողներ, որոնք էլ կնախապատրաստվեն Ալբանիայի հավաքականի հետ հանդիպմանը: Մ-21 տարեկանների հավաքականն անցկացնելու է իր հանդիպումը օգոստոսի 11-ին, որից հետո այն խաղացողները, որոնք հրավիրվել են նաև երիտասարդական հավաքական, կմիանան մեզ արդեն Ալբանիայում:
-Հրավիրված բոլոր խաղացողները կժամանե՞ն Երևան:
Քանի որ Կառլեն Մկրտչյանի և Արտյոմ Խաչատուրովի թիմերն իրենց հանդիպումներն անցկացնելու են ուշ, այդ երկու ֆուտբոլիստները մեզ կմիանան միանգամից Ալբանիայում: Հրավիրված ֆուտբոլիստերից կասկածի տակ է նաև Հրայր Մկոյանի և Հենրիխ Մխիթարյանի մասնակցությունը մարզական հավաքին, քանի որ նրանք երկուսն էլ առայժմ վնասվածքներ ունեն:
-Ի՞նչ նպատակներ եք հետապնդելու Ալբանիայի հետ խաղում:
Հիմնականում փորձելու ենք խաղալ այն նույն մարտավարությամբ, որով խաղալու ենք Չեխիայի հավաքականի դեմ: Խոսքն այստեղ չի գնում կազմի մասին, այլ հենց մարտավարության: Աշխատելու ենք խաղաժամանակ տրամադրել բոլոր այն խաղացողներին, ովքեր քիչ են հնարավորություն ունենում դրսևորել իրենց:
-Որքանո՞վ է կարևոր առաջիկա հանդիպման արդյունքը:
Ցանկացած հանդիպման արդյունք էլ կարևոր է մեզ համար, լինի դա ընկերական, թե պաշտոնական խաղ: Սակայն բավականին երկար ընդմիջումից հետո մեզ համար ավելի կարևոր է տեսնել բոլոր խաղացողներին գործի մեջ, ստուգել նրանց համագործակցությունը: Հավաքականն արդեն ունի հստակ ձեռագիր և այս կարճ ժամանակում մենք չենք պատրաստվում դիմել կտրուկ փոփոխությունների: Միակ բանը, որ պակասում է մեր հավաքականին, դա կայունությունն է: Բացի այդ, ես միշտ նշել եմ, որ շատ կարևոր է, որ չլինեն որակազրկումներ, ֆուտբոլիստները չունենան վնասվածքներ և ամենակարևորը մշտապես խաղան իրենց ակումբներում: