«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երեկ հայտնի դարձավ, որ եռօրյա այցով Մոսկվա է մեկնում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, սակայն հանդիպումների մասին մանրամասներ այդպես էլ չներկայացվեց:
Այստեղ ուշագրավ է այն իրողությունը, որ Ռոբերտ Քոչարյանը, լինելով դատարանում ամբաստանվողի կարգավիճակում, արգելքներ ունի երկրի սահմաններից դուրս գալու: Նրան մինչեւ նոյեմբերի 7-ն էր թույլատրված դուրս գալ երկրից` հատուկ որոշմամբ:
Թերթը դեռ նոյեմբերի 3-ի իր համարում գրել էր, որ Քոչարյանը պետք է Մոսկվա մեկներ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ, սակայն կորոնավարակի տեստ էր հանձնել, որը դրական էր եղել, եւ մինչեւ սահմանված 14 օրը լրացավ, որպեսզի Մոսկվա մեկնելը հնարավոր լիներ, արդեն լրացել էր ՀՀ-ից նրա ելքի թուլատրելի ժամկետը: Իսկ հիմա ինչպե՞ս է ստացվել, որ Ռոբերտ Քոչարյանը կարողացել է լքել երկիրը:
Թերթի այս հարցին ի պատասխան՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը նշեց. «Դատարանը թույլ է տվել»:
Սողոմոնյանը, սակայն, չմանրամասնեց, թե ինչ հանդիպումներ է ունենալու երկրորդ նախագահը Մոսկվայում, արդյոք կհանդիպի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, եւ որն է հանդիպումների հիմնական օրակարգը»: