Սիրիական SOHR կազմակերպության տվյալների համաձայն, Թուրքիան Լիբիայում թողել է մոտ ութ հազար վարձկան-ահաբեկիչներ, չնայած այն բանին, որ խաղաղ բանակցություններում վերջերս արձանագրվեց կարեւոր առաջընթաց։ Կազմակերպության համար անհասկանալի է, թե ինչու հրադադարից հետո էլ այդքան մեծ թվով ահաբեկիչներ են շարունակում մնալ Լիբիայում։


Մասնագետները կարծում են, որ Թուրքիան մինչեւ վերջ գոհ չէ Լիբիական կարգավորման այս փուլում եղած արդյունքներից։ Սիրիական կազմակերպությունները հիշեցնում են, որ սկսած անցած տարվանից, եւ այս տարվա ընթացքում էլ, Անկարան 18 հազար ահաբեկիչներ է տեղափոխել Լիբիա՝ այնտեղ գործող այսպես կոչված Ազգային համաձայնության կառավարությանն օգնելու համար։ Այդ գրոհայինները օգնել են, որպեսզի հետ մղվի մարշալ Խալիֆա Խաֆթարի կողմից մայրաքաղաք Տրիպոլիի գրոհը։ Մեկ ամիս առաջ, սակայն Թուրքիան գրոհայինների դուրսբերման գործընթացը դադարեցրել է։ Սիրիա վերադարձել է 10 հազար ահաբեկիչ։

Քանի որ Անկարան դժգոհություններ ունի, չի բացառվում, որ նա Լիբիայում նոր ռազմական արկածախնդրության է պատրաստվում։ Հատկապես, որ վերջին օրերին, Լիբիայի այսպես կոչված Ազգային համաձայնության կառավարությունում խոսում են այն մասին, որ Անկարան մտադիր է F-16 կործանիչներ տեղակայել այնտեղ։ Արբանյակային լուսանկարների վերլուծությունը թույլ է տալիս ասելու, որ Անկարան ալ-Վաթիայի ավիաբազան Լիբիայի արեւմուտքում, նախատեսում է հենց դրա համար։ Ու չնայած կողմերը կրակի դադարեցումը պահպանում են, սակայն այս ամենից հետո պետք է սպասել այն բանին, որ Անկարան սկսելու է նոր հարձակում Լիբիայում։