ԱԱԾ պահեստազորի գեներալներն ու գնդապետները հայտարարություն են տարածել Հայաստանի իրավիճակի կապակցությամբ, արձանագրելով, որ իրավիճակը կայունանալու, կարգավորվելու փոխարեն ավելի է սրվում, Հայաստանի Հանրապետության դեմ ուղղված արտաքին և ներքին անվտանգության սպառնալիքներն ուժգին և ակներև են դառնում, իսկ պետության անվտանգային ողջ համակարգը խոցելի է դարձել և վտանգված է:
Հայտարարության մեջ կոչ է արվում իրավապահներին չներքաշել ներքաղաքական ինտրիգների մեջ, դուրս գալ շոկային վիճակից, դրսևորել պրոֆեսիոնալիզմ և կոնկրետ գործողություններով լուծել զինված ուժերում ու կառավարման համակարգում առկա վերը նշված խնդիրները, սեղմ ժամկետներում թափանցիկ, հանրությանը մատչելի եղանակներով մանրակրկիտ ուսումնասիրել Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների կապի, նրանց միջև հնարավոր գործարքի վերաբերյալ եղած տեղեկությունները, սեղմ ժամկետներում գնալ իշխանափոխության:
Եթե ՀՀ իշխանությունները սույն կոչը թողնեն անհետևանք, ապա մեր կողմից կձևավորվի փաստահավաք խումբ և առկա բոլոր միջոցներով կստուգվեն Հայաստանի և Արցախի դեմ հնարավոր դավադիր գործարքի ու դրա հետևանքով պատերազմում դիտավորությամբ պարտվելու վերաբերյալ տեղեկությունները, ասվում է հայտարարության մեջ:
ԱԱԾ պահեստազորի գեներալներն ու գնդապետները հստակ նկարագրում են իրավիճակը եւ սպառնալիքները: Հայաստանի ակտուալ քաղաքական դաշտը զբաղեցրած իշխանությունն ու 17-ի ձեւաչափն արդեն 1,5 ամիս զբաղված են ողբով, հայհոյանքներով ու փոխադարձ մեղադրանքներով, անզորության ու հուսալքության մթնոլորտ ձեւավորելով, կորսվում է Հայաստանի համար այնքան թանկ ժամանակը տեղի ունեցածն իմաստավորելու, վերակազմակերպվելու եւ առաջիկա ոչ պակաս վտանգավոր զարգացումներին պատրաստվելու համար: Սա կաթվածահար է արել պետական ինստիտուտները, ոչ ոք պատասխանատվություն չի ստանձնում ստեղծված իրավիճակում:
ԱԱԾ պահեստազորի գեներալներն ու գնդապետները, ենթադրվում է, հայտարարությունից բացի կարող են եւ պետք է ստանձնեն պատասխանատվություն՝ իրենց նշած պահանջներն իրագործելու համար, անկախ նրանից՝ իշխանությունը դա անհետեւանք է թողնում, թե ոչ: Դա կարեւոր նախադեպ կդառնար ներկայիս համատարած անպատասխանատվության իրավիճակում: Նրանց ունեցած փորձը, տեղեկատվությունը լիարժեք հնարավորություն են տալիս իրականացնել հայտարարության մեջ նշված պահանջները: Եվ ամենակարեւորը՝ դա պետք է դուրս լինի ներկայիս ներքին դիմակայության տրամաբանության շրջանակներից: