Արայիկ Հարությունյանի հրաժեշտի ուղերձը եւ Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը չեն տվել գլխավոր հարցերի պատասխանները: Մարդիկ Ստեփանակերտում խոսում են, որ ոչ մեկին հետաքրքիր չէ Արայիկ Հարությունյանի կամ Փաշինյանի հետագա քաղաքական ճակատագիրը, կդատեն արդյոք նրանց, կհեռանան քաղաքականությունից, իրենց պատասխանատու համարում են, թե ոչ: Չեն հետաքրքրում նաեւ սոցիալական աջակցության ծրագրերը:


Ստեփանակերտում մարդկանց հետաքրքրում են շատ որոշակի հարցեր, որոնց չեն կարողանում պատասխանել ոչ Հարությունյանը, ոչ Փաշինյանը, որովհետեւ հիմա նրանց հետաքրքրում է միայն սեփական ճակատագիրը:

Ինչպիսի՞ն է լինելու Հայաստանի հետ Արցախի կապի ձեւաչափը: Սա գլխավոր հարցն է, որից ածանցյալ են մնացած բոլորը: Հայկական բանակը կլինի՞ արցախցիների անվտանգության երաշխավորը, ի՞նչ արժույթ է գործածվելու, ի՞նչ անձնագրեր: Հայաստանի ու Արցախի կրթական, կենսաթոշակային ու այլ համակարգերը կապվա՞ծ են լինելու միմյանց:

Ի՞նչ է նշանակում Արցախից հայկական զորքի դուրսբերում, որն ավարտվել է ըստ եռակողմ համաձայնագրի: Ինչպե՞ս է իրականացվելու Հայաստանի ու Արցախի կապը, եթե Լաչինի միջանցքը փակվի: Ռուսաստանն ի՞նչ կարգավիճակով է գործարկելու Ստեփանակերտի օդանավակայանը: Ի՞նչ կարգավիճակ է ունենալու Արցախի Պաշտպանության բանակը:

Եթե չկա տեսլական, թե որոնք են այս հարցերի պատասխանները, Ղարաբաղում կյանքի հեռանկարներն աղոտ են դառնում: Փաշինյանի ու Հարությունյանի հեռանալը կարող է խթանել պատասխանների որոնումը, բայց Հայաստանում ու Արցախում կա՞ պատկերացում, թե ինչպես կարելի է շրջել իրավիճակը:

Արայիկ Հարությունյանը խոսում է մոտալուտ ընտրությունների մասին, բայց չի ճշտում, թե որ տարածքներում եւ ինչ կարգավիճակով են անցկացվելու: Հավանաբար, անորոշութունը ստիպել է նրան երկրի կառավարումը փաստացի փոխանցել Անվտանգության խորհրդին, որի քարտուղարը Վիտալի Բալասանյանն է: Արցախում իշխանությունն անցնում է զինվորականների ձե՞ռքը:

Աղբյուր՝ https://www.lragir.am/2020/12/18/609197/