Էրդողանը խոսքի տեր տղամարդ է, նա պոչ չի խաղացնում եւ իր երկրի շահի համար գնում է մինչեւ վերջ, մամուլի ասուլիսի ընթացքում Թուրքիայի նախագահի հասցեին հաճոյախոսել է ՌԴ նախագահ Պուտինը: Պուտինն անշուշտ փորձառու «չեկիստ» է եւ գործում է «հավաքագրման» կանոնների համաձայն, ինչպես բնորոշում են նրա հետ տարբեր շփումներ ունեցած գործիչները:


Հարցն այլ է՝ Պուտինին հաջողվու՞մ է «հավաքագրել» Էդողանին, թե՞ փորձառու «չեկիստը» երկու ոտքով է ընկնում թակարդը եւ նրա «պոչն» է հայտնվում Էրդողանի ոտքի տակ:

Համենայն դեպս, եթե Պուտինը «հավաքագրում» է Էրդողանին, ապա դա այս փուլում տեղի ունեցավ հայկական կյանքերի ու տարածքների հաշվին, ինչպես Լենինն էր իբրեւ թե փորձել «հավաքագրել» Աթաթոււրքին 100 տարի առաջ: Կամ, Պուտինի «պոչն» է հայտնվել «պոչ չխաղացնող» Էրդողանի ոտքի տակ: Իսկ Պուտինի «պոչն» այդ դեպքում Հայաստանն էր, այն քաղաքականության ու մտածողության տրամաբանության համատեքստում, որում հայկական պետականությունը, հայկական քաղաքական դասն ու հանրության մի զգալի մասը արտահայտում էր հետխորհրդային շրջանում:

«Պոչ» տվյալ դեպքում այն իմաստով, որ հայկական պետականությունը դրվել էր ռուսական աշխարհաքաղաքականության ծայրում, ու երբ նավթի գնի անկման, հակաարեւմտյան կուրսի հետեւանքով այդ աշխարհաքաղաքականությունը մնաց Էրդողանի «հույսին», հայկական պետականությունը վերածվեց «պոչի», որով Պուտինը փորձեց «հավաքագրել» Էրդողանին:

Ընդ որում, այդ փորձը շարունակական է, հաշվի առնելով հայկական սահմաններին տիրող իրավիճակն ու շարունակվող միջադեպերը:

Հայաստանը մնում է ոտքի տակ, հերթական անգամ: Չմնալու համար պետք է դադարել լինել ռուսական քաղաքականության «պոչ»: Ընդ որում, այստեղ «բանալի» բառը պոչն է՝ պետք չէ լինել որեւէ քաղաքականության «պոչ», որեւէ ոտքի տակ չհայտնվելու համար կամ որեւէ ոտք չօրհնելու համար:

Աղբյուր՝ https://www.lragir.am/2020/12/17/609154/