«Այսօրվա իմ այցը պլանավորված էր, որ ես պետք է գնայի նաև Գորիս, Կապան, Մեղրի։ Բայց մարդիկ առավոտից էնտեղ ճանապարհ են փակել։ Եվ այդ ճանապարհը փակվելու արդյունքում մեքենաների մեծ խցանում է առաջացել։ Բայց ես տրամաբանական հարց եմ տալիս՝ ի վերջո ինչո՞ւ են ճանապարհը փակել։ Փակել են, որովհետև ինչպես այստեղ ձեզ տեսա, Գորիսում էլ էր նույն բանը լինելու, Մեղրիում էլ, Շուռնուխում էլ»- Սիսիանում բնակչության հետ հանդիպման ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա ասաց, որ ժողովուրդն այսօր ավելի խորն է հասկանում իրադրությունը։


«Ես այսօր եկա, Սիսիանը Սյունիքի մուտքն է, ես եկա սյունեցիների հետ խոսեցի։ Ես այն կարծիքին եմ, որ սադրանքներին չպետք է տրվենք։ Մարդիկ կան ուզում են բախումներ հրահրել, մենք իրենց սադրանքներին չենք տրվելու։ Բայց ես գործարք եմ առաջարկում ճանապարհը փակածներին։ Ես կարծում եմ, որ երբ ես գնացի Գորիս, մենք նույն այսպիսի չկազմակերպված հավաք ենք ունենալու Գորիսում, այսպիսի չկազմակերպված հավաք ենք ունենալու Կապանում, Մեղրիում։ Եվ մարդիկ գալու են իրենց աջակցությունը հայտնելու։ Իրենք դրա համար են փակել ճանապարհը։ Եթե այդպես չէ, ես առաջարկում եմ բացեք ճանապարհը, գնանք Գորիս, տեսնենք ինչ է կատարվում, ինչ են խոսում ու մտածում մարդիկ»,- հայտարարեց Փաշինյանը։