Սիսիանի Սուրբ Գրիգոր եկեղեցու (Սիսավանի վանք) քահանան` Պարգև քահանա Զեյնալյանը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին խորհուրդ է տվել սպասել Աստծո դատաստանին։ Sputnik Արմենիայի հետ զրույցում Պարգև քահանա Զեյնալյանը հայտնեց` այս պահին եկեղեցում է։
Փաշինյանը Սիսիան այցի ընթացքում մտել էր Սիսիանի եկեղեցի՝ մոմ վառելու։ Եկեղեցում քահանան հրաժարվեց սեղմել Փաշինյանի ձեռքը՝ ի պատասխան ձեռքով եկեղեցու դուռը ցույց տալով։ Դրանից հետո տեսանյութ հայտնվեց, որտեղ երևում է` մի շարք մարդիկ շտապում են եկեղեցի քահանայի հետ հաշվեհարդար տեսնելու։
Պարգև քահանա Զեյնալյանը պարզաբանեց, որ իր` նման քայլի պատճառը հայրենիքում տեղի ունեցածն էր։ Նա հայտնեց, որ Փաշինյանին եկեղեցի մտնելիս չի տեսել, քանի որ սենյակում է եղել։
«Փաշինյանին չեմ արգելել եկեղեցի մտնել, միայն ասել եմ` սպասիր Աստծո դատաստանին»,–ասաց տեր Պարգևը։
Հարցին, թե ի՞նչ է անելու, քանի որ այս պահին իր անվտանգությունն է սպառնալիքի տակ` տեր Պարգևը պատասխանեց, թե` ամբողջ հանրապետությունն է սպառնալիքի տակ, և ինքը բացառություն չի կարող լինել։
Նա հայտնեց նաև, որ այս պահին եկեղեցին այլևս մարդկանցով շրջապատված չէ` ամեն ինչ լավ է։