Հիմա համոզվեցի, որ ճանապարհը փակել են, որ ակնհայտ չդառնա, որ Գորիսում, Կապանում, Քաջարանում, Մեղրիում նույն մթնոլորտն է, ինչ Սիսիանում։ Առավելեւս սգի օրով ուժային գործողությունների չենք գնա։ Վերադառնում ենք Երեւան, Ֆեյսբուքում գրել է Նիկոլ Փաշինյանը:

Նրա այցի նախօրեին Գորիսի քաղաքապետը կոչ էր արել փակել նրա մուտքը Սյունիք: Քաղաքապետին ձերբակալել են, բայց սյունեցիները փակ են պահել ճանապարհը: Վարչապետը Սիսիանից հետ է վերադարձել:

«Նորից ուզում եմ հավաստիացնել, որ Հայաստանի տարածքից ոչ մի մմ տարածք կամ հող չի զիջվել: Այս ամենն արվում է Սյունիքի անվտանգությունն ապահովվելու և անվտանգության հավելյալ երաշխիքներ ստեղծելու համար, որպեսզի անվտանգություն ապահովվի և նոր կոնֆլիկտ չբորբորքվի», ասել է նա:

Խոսելով սահմանների մասին, նա կրկին մեղադրել է նախկիններին 2010 թ. ընդունած ինչ-որ օրենքի համար, որով էլ, ըստ նրա, տեղի է ունենում սահմանազատումը: Թեեւ, մասնագետներն արդեն բավարար հակափաստարկներ են բերել «դեմարկացիայի» օրինականության վերաբերյալ:

«Շատ են ասում՝ բա Ղարաբաղի պատերազմի ժամանակ ՀԱՊԿ-ն ինչո՞ւ չմիջամտեց։ Էլի նույն պատճառով, որովհետև մեր օրենքում գրված էր, որ մեր սահմանը էս ա, Տեղ գյուղից էն կողմից Ադրբեջանի Հանրապետությունն է։ Այդ օրենքն ընդունել է 2010 թվականի խորհրդարանը, օրենքի նախագիծը ներկայարցրել է 2010 թվականին գործող կառավարությունը։ ՀԱՊԿ-ը մեզ ասում է՝ սա է ձեր սահմանը և դուք եք նկարագրել էդ սահմանը։ Մենք ձեր սահմանից դուրս ո՞նց կարանք միջամտություն անել։ Ես ստանում եմ բազմաթիվ հավաստիացումներ, և մենք ունենք բազմաթիվ պայմանագրեր, որ եթե, Աստված մի արասցե, ռազմական գործողություններ սկսեն մեր սահմանից ներս, էդ ժամանակ արդեն բոլորովին ուրիշ ռեժիմ է գործելու», ասել է նա։

«Այսօր շատ է խոսվում այն մասին, որ այն, ինչ տեղի է ունենում Սյունիքի սահմաններին, դա Սյունիքը հանձնելու պրոցես է, Սյունիքի անվտանգությունը հարվածի տակ դնելու պրոցես է։ Իրականում ուղիղ հակառակն է։ Խնդիրն այն է, որ երբ մենք սահմանապահ զորքերը կանգնեցնում ենք Հայաստանի սահմանին համապատասխան, դրանով մեր անվտանգության աստիճանն ուժեղանում է, որովհետև ՀՀ սահմանը մեր անվտանգային այն համակարգի սահմանն է դառնում, որի անդամ ենք մենք», ասել է նա։

Այս հայտարարությունները վկայում են, որ Նիկոլ Փաշինյանը կամ չի հասկանում, թե ինչ է կատարվում սեպտեմբերի 27-ից ի վեր, կամ գործում է Մոսկվա-Բաքու-Անկարա պարտադրված պլանով: Անվտանգության հավելյալ երաշխիքի, տվյալ դեպքում ՀԱՊԿ-ին հղումը հաստատում է երկրորդ տարբերակը, քանի որ եթե ՀԱՊԿ-ը անվտանգության երաշխավոր է, ապա ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանը խոսում Սյունիքի վրա հնարավոր հարձակման մասին: Եթե ՀԱՊԿ-ը ՀՀ անվտանգության երաշխավոր է, Բաքուն ու Անկարան կգնա՞ն ՀԱՊԿ-ի կամ Ռուսաստանի դեմ: Թե ՀԱՊԿ-ը, թե Ռուսաստանը բազմիցս հայտարարել են, որ չեն պատրաստվում միջամտել ի պաշտպանություն Հայաստանի, եւ ներկայում խնդիրն այնպես անելն է, որ բանը դրան չհասնի՞, այսինքն Հայաստանը կատարի՞ բոլոր պայմանները:

Նիկոլ Փաշինյանն ասում է, թե սյունեցիների հետ պատրաստվում է իրավիճակի վերաբերյալ նաեւ կոնֆիդենցիալ զրույցներ ունենալ. արդյոք խոսքը հենց այս մասին է:

«Ես գործարք եմ առաջարկում ճանապարհը փակածներին։ Ես կարծում եմ, որ երբ գնացի Գորիս, մենք նույն այսպիսի չկազմակերպված հավաք ենք ունենալու Գորիսում, այսպիսի չկազմակերպված հավաք ենք ունենալու Կապանում, Մեղրիում։ Եվ մարդիկ գալու են իրենց աջակցությունը հայտնելու», ասել է վարչապետը։ Խնդիր կար ցույց տալու, որ Սյունիքի բնակչությունն աջակցո՞ւմ է սահմանի «դեմարկացիային»: Դա է՞լ է անվտանգության հավելյալ երաշխիք:

Աղբյուր՝ https://www.lragir.am/2020/12/21/609861/