Վերաքննիչ քրեական դատարանը երեկ սկսել է ՀԱԿ ակտիվիստների գործի քննությունը: Պաշտպան Մուշեղ Շուշանյանը միջնորդել է դատարանին փոխել Տիգրան Առաքելյանի խափանման միջոցը, սակայն միջնորդությունը մերժվել է: Մյուս միջնորդությունը՝ որպես վկա դատակոչել լրագրողներ Անի Գեւորգյանին, Վահագն Հովակիմյանին և Հայկ Գևորգյանին, դատարանը բավարարել է:

 Տիգրան Առաքելյանը դատարանին միջնորդել է որպես վկա դատակոչել նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանին, սակայն դատարանը վաղաժամ է համարել այդ միջնորդությունը:

 «Հրապարակ» օրաթերթի հարցին, թե «ինչո՞ւ Ալիկ Սարգսյանին», ՀԱԿ իրավաբան Արմեն Խաչատրյանն ասել է.

 «Քննության ընթացքում հակասություն առաջացավ տուժող ոստիկանների ցուցմունքների և Ալիկ Սարգսյանի հայտարարությունների միջև: Ոստիկանները պնդում էին, որ նախկին ոստիկանապետին իրենք դեպքից հետո չեն հանդիպել, իսկ Ա. Սարգսյանն ասուլիսում հայտարարել էր, որ անձամբ հանդիպել է տուժողների հետ և դեպքի մանրամասներն իմացել է նրանցից: Ակնհայտ է, որ Ալիկ Սարգսյանը սույն գործով կարևոր վկա է, և Տիգրան Առաքելյանի միջնորդությունը հիմնավոր է ու տրամաբանված»: