30-ամյա պայմանագրային զինծառայող Խաչատուր Խաչատուրյանի կյանքն ընդհատվեց 44-օրյա պատերազմի հաջորդ շաբաթվա ընթացքում՝ հոկտեմբերի 2-ին։ Քարվաճառի տարածքում նրա մասնակցությամբ մարտական առաջադրանքի արդյունքում հնարավոր է եղել բարենպաստ դիրք զբաղեցնել։ Հատուկջոկատային զինծառայողը դիրքը գրավել է, բայց՝ կյանքի գնով։ Խաչատուրն իր կյանքի 11 տարիները նվիրել է բանակին ու զինվորական կյանքին։ Աննա Մաճկալյանը պատմում է՝ ամուսինը կյանքի անգամ ամենադժվար պահերին չէր կորցնում լավատեսությունը, հենց այդ լավատեսությամբ էլ դիրքեր էր բարձրացել։ Նախքան սեպտեմբերի 27-ի չարագույժ օրը Խաչատուրը 21 օր արձակուրդում է եղել, անցկացրել է ընտանիքի հետ։ Կինը հիշում է՝ ամուսինը ջանք ու եռանդ չէր խնայում՝ այդ օրերը երջանիկ դարձնելու համար։ Ենթասպա Խաչատուրյանը նաև կատակասեր էր ու լավ ընկեր, պատմում է քենին։ Ցավով է հիշում իրենց տված վերջին առաջադրանքը, որի արդյունքը չհասցրեց տեսնել։ Խաչատուրի ընտանիքը վարձով է ապրում, զինծառայողը ցանկանում էր տուն գնել, բայց նպատակը չհասցրեց իրականացնել։ Զոհված զինծառայողը երկու անչափահաս երեխա ունի։ Ավագը՝ 4-ամյա Հովհաննեսը, որոշել է՝ ընտրելու է զինվորական ուղին։ Խաչատուրի եղբայրն էլ խաղաղապահ զորքերում է ծառայում, գրեթե միաժամանակ են ընտրել զինվորականի կյանքը։ Ավագ եղբայրն ասում է՝ փորձել է Խաչատուրին համոզել՝ փոխել աշխատանքը, բայց մշտապես մերժվել է։ Զոհված զինծառայողի եղբայրը պատմում է, որ 2021-ին պետք է Խաչատուրի կոչումը բարձրացնեին՝ դառնար սպա և դասակի հրամանատար, բայց պատերազմը խառնեց բոլոր խաղաքարտերը։ Խաչատուր Խաչատուրյանը հուղարկավորվել է Եռաբլուրում։ Նրա եղբայրն ասում է՝ պատերազմը չի ավարտվել, եղբոր և ընկած մյուս ընկերների վրեժը լուծելու են, երկիրը նորից ոտքի են կանգնեցնելու։ Մանրամասները՝ տեսանյութում։