Նիկոլ Փաշինյանը հրապարակել է 2010 թ. ընդունված օրենքը, ըստ որի տեղի է ունենում ներկայիս «դեմարկացիան» մասնավորապես Վարդենիս-Սոթքում ու Սյունիքում: Այն ժամանակվա իշխանական կոալիցիան՝ ՀՀԿ-ԲՀԿ-ՀՅԴ, քվեարկել է դրա օգտին, որով այդ տարածքները համարվում են ադրբեջանական, եւ հիմա մեզ մեղադրում են դավաճանության մեջ, ասել է Նիկոլ Փաշինյանը:


Մասնագետներն արդեն հակադարձել են, որ նույնիսկ ՀՀ օրենքով չեն որոշվում պետական սահմանները, այլ՝ միջպետական պայմանագրերով, եւ Փաշինյանը հերթական մանիպուլյացիան է անում:

Միեւնույն ժամանակ, Ժողովուրդ թերթն այս հարցով դիմել է ՀՀԿ այն ժամանակ պատգամավոր Էդուարդ Շարմազանովին, ով ասել է. «Այդ օրենքը որեւէ առնչություն չունի պետական սահմանների ճանաչման հետ: Սա Նիկոլ Փաշինյանի հերթական մուտիլովկան է՝ շեղել ուշադրությունը բուն խնդրից: Ինքը կապիտուլյացիա է ստորագրել, ինքն է պարտության միակ պատասխանատուն, ինքն է հանձնել Արցախի 75 տոկոսը, ինքն է տվել հողերը եւ վերջ»:

Փաշինյան-Շարմազանով այս «բանավեճն» արտահայտում է ոչ միայն ներկայիս ներքաղաքական գզվռտոցի, այլեւ 30 տարվա պետական քաղաքականության ու քաղաքական դասի լիակատար սնանկությունը: Բացարձակ անպատասխանատվություն, «մուտիլովկաներ», մանր ժուլիկություններ միջազգային հանրության առաջ, հայկական իրավունքների հանձնում: Նման օրենքով պետական սահմաններ չեն որոշվում, միեւնույն ժամանակ, նման օրենքի ընդունումը վկայում է շատ բանի մասին:

Օրենքում կարո՞ղ էին գրել՝ Սոթքից ու Շուռնուխից այն կողմ Արցախի Հանրապետությունն է, ոչ թե Ադրբեջանի հանրապետությունը: Բայց դրա համար պետք էր ճանաչել Արցախի Հանրապետությունը: Իսկ դրա համար էլ պետք էր ունենալ պետական-քաղաքական բնույթ եւ ստանձնել ճանաչման պատասխանատվությունը: Հիմա ԱՄՆ-ն, Ռուսաստանն ու Եվրոպան հայերի «աչքն են կոխում» Արցախի չճանաչվածությունը:

Նիկոլ Փաշինյանն էլ շարունակում է իր նախորդների ոճը եւ հղում է անում այդ օրենքին՝ արդարացնելու իր կառավարության անկարողությունն ու հանցավոր անգործությունը: Հակառակ պարագայում, Հայաստանի խորհրդարանն ու իշխող մեծամասնությունը հետպատերազմյա այս շրջանում կքննարկեր եռակողմ համաձայնությունը, Արցախի ճանաչման խնդիրը, բազմաթիվ այլ խնդիրներ:

Պատերազմից անցել է արդեն ահագին ժամանակ, ռուս-թուրքական համաձայնությամբ Հայաստանից պոկվում են նոր տարածքներ, իսկ ակտուալ քաղաքական դաշտը զբաղեցրած իշխող խումբն ու 17-ի ձեւաչափը զբաղված են արդարացումներով, դավաճանության ու հայրենիքը հանձնելու փոխադարձ մեղադրանքներով, պարտության ու կապիտուլյացիայի մազոխիստական աղմուկով: Խնդիրը շատ պարզ է՝ ով ում վրա է բարդելու 30 տարվա հանցավոր քաղաքականությունը: Այլ խնդիր նրանց գործողություններում չի նկատվում, այլապես բոլորը հավատարմություն չէին հայտնի եռակողմ հայտարարությանը:

Դատելով իրադարձությունների արտաքին ու ներքին ընթացքից, հանգուցալուծումը մոտենում է: Բայց ոչ այն հանգուցալուծումը, որն իրենց համար պատկերացնում են իշխող վարչակարգն ու 17-ի ձեւաչափը:

Նյութի աղբյուր՝ https://www.lragir.am/2020/12/22/610061/