Lragir.am-ը գրում է. Բաքվի պաշտպանության նախարար Հասանովը ցավակցել է ռուս գործընկեր Շոյգուին Շուշիի շրջանում ականի պայթյունից ռուս խաղաղապահի զոհվելու կապակցությամբ։


Խաղաղապահ առաքելության մեկնարկից սա արդեն երրորդ ռուս զոհն է։ Նոյեմբերի 9-ին զոհվել էին երկու ռուս օդաչուներ։ Այն ժամանակ Բաքուն խոստովանեց, որ Նախիջեւանի մոտ «պատահաբար» խոցել է ռուսական ռազմաօդային ուժերի ուղղաթիռը, որն ուղեկցում էր խաղաղապահների շարասյունը Հայաստանի տարածքում։ Շուշիի մոտ զոհված սպան Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքում էր։

Ստացվում է, որ ադրբեջանցիների ձեռքով հայկական հողում արդեն երեք ռուս է մահացել։

Ինչպե՞ս են ռուս մայրերը վերաբերվում այդ փաստին։ Ռուսաստանում ինչպե՞ս են վերաբերում ղարաբաղյան հակամարտության գոտում վերջին քանի ամիսներին տեղի ունեցածին։ Եթե մի կողմ դնենք անգաժավորված փորձագետներին ու փիարով զբաղվողներին, ռուսական տարբեր շրջանակներ այդ ամիսներին մեծ ամոթ են զգում։ Ամոթ այն բանից, որ աչքի առաջ իրականացվել է հայ ժողովրդի հանդեպ հերթական հաշվեհարդարը, եւ, ինչպես իրենք են ասում, Ռուսաստանը դարձել է այդ հանցագործության կազմակերպիչն ու մասնակիցը։

Պետական հեռուստաշոուներում շատերը հիստերիկ գոռգոռում են, բայց կախած հայացքներով, որովհետեւ հասկանում են, որ անմաքուր բան է տեղի ունեցել, եւ հնարավոր չի լինի մաքրել այդ կեղտը։

Յուլյա Լատինինան ասում է․ «Մենք միշտ փորձում էինք գուշակել՝ ինչու է Ռուսաստանը դավաճանել, լքել քրիստոնյա Հայաստանը։ Ռուսաստանը երկար տարիներ գրոշների դիմաց գնել է ամեն ինչ՝ գազ, էլեկտրաէներգիա, երկաթուղի։ Ընդ որում, բարձր սակագներ է սահմանել, Հայաստանից ծծել ամբողջ հյութը։ Հայաստանը լուռ հանդուրժել է՝ հույսով, որ իրեն կպաշտպանեն, երբ խոսք լինի հայ ազգի գոյատեւման մասին։ Ահա այդ կրիտիկական պահին Հայաստանը լքեցին»։

Մեկ այլ փորձագետ՝ Արկադի Դուբնովը, ասում է․ «Ես կարծում եմ, որ այն հայերը, ովքեր վերապրել են այդ պատերազմում, իրենց երեխաներին պատմելու են, որ ռուսներն իրենց դավաճանել են, լքել։ Նրանց երեխաներն էլ պատմելու են իրենց երեխաներին։ Ազգային հիշողության մեջ դա մնալու է»։

Սոցցանցերի ռուսական սեգմենտում բազմաթիվ են կարծիքները, որ «Ռյուրիկի ժամանակներից սկսած Ռուսաստանը երբեք իրեն այսքան ստոր ու զազրելի չէր պահել»։

«Ռուսաստանն Արցախը բաժանել է իր դաշնակից հայերի պատմական թշնամիների հետ, առանց որեւէ կարիքի, առանց որեւէ սպառնալիքի, առիթի, բացի առնետային շահից»։

Ռուս խաղաղապահները զրույցում են Արցախ վերադարձած հայերի հետ։ Նրանք ասում են՝ մի վախեցեք, մենք ձեզ հետ ենք, հանգիստ ապրեք։ Նրանք պատրա՞ստ են Հասանովի ցավակցություններին։

Աղբյուր՝ https://www.lragir.am/2020/12/22/610032/