Lragir.am-ը գրում է. ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ ռուս խաղաղապահները Լեռնային Ղարաբաղում անվտանգության երաշխիք են եւ նրանք իրենց կյանքն են դնում այդ տարածքում խաղաղ կյանքը վերականգնելու համար: ՌԴ նախագահը թերեւս նկատի ուներ եւ այն, որ օրերս ռուս սպան մահացել էր ականազերծման աշխատանքի ընթացքում:

Թե որքան են ռուս խաղաղապահները անվտանգության կայուն երաշխիք, դա կերեւա ժամանակի ընթացքում, եւ իհարկե էապես կախված է լինելու նաեւ Ռուսաստանի աշխարհքաղաքական կշռից եւ Ռուսաստանում իշխանության խնդրի հանգուցալուծումից:

Միեւնույն ժամանակ, Արցախում անվտանգության երաշխիքը կարող էին լինել ոչ թե ռուս խաղաղապահները, այդ թվում կյանքը վտանգի ենթարկելով, այլ հրադադարի պահպանման այն մեխանիզմները, որ 2016-ի ապրիլից հետո առաջարկում էր ԱՄՆ-ն՝ մայիսին Վիեննայում տեղի ունեցած հանդիպմանը: Մեկ ամիս անց՝ Սանկտ-Պետերբուրգում արդեն ՌԴ նախագահի հովանու ներքո հանդիպմանը, այդ օրակարգը մղվել էր երկրորդ պլան: Այնքան էր մղվել, որ դա արժանացավ Հայաստանում Ֆրանսիայի դեսպանի ուշադրությանը, ով հայտարարեց, որ թեեւ հրադադարի մեխանիզմների հարցը չի շոշափվել, այդուհանդերձ իրենց համար առաջնայինը դա է, եւ Ֆրանսիան պատրաստ է կազմակերպել այդ օրակարգով երրորդ հանդիպումը:

Երրորդ հանդիպում չեղավ, կամ եղավ, բայց արդեն բոլորովին այլ միջավայրում՝ մեկուկես տարի անց միայն, Ժնեւում՝ 2017-ի հոկտեմբերին: Դրան հաջորդած հայտարարություններում այլեւս չկար Վիեննայի օրակարգ: Իսկ ավելի վաղ Ադրբեջանը հայտարարել էր, որ Վիեննայի օրակարգը մերժում է, քանի որ հրադադարի պահպանման մեխանիզմները ստատուս-քվոյի դե ֆակտո ճանաչում է:

Բաքուն անշուշտ իրավացի էր, որովհետեւ միջազգային մեխանիզմները ենթադրելու էին նաեւ համարժեք «արբիտրաժ» եւ միջազգային պատասխանատվություն հրադադարի խախտումների համար: Այլ կերպ ասած, դրանք զրկելու էին Բաքվին «պատերազմի իրավունքից»:

Բաքուն կարողացավ խուսափել այդ ճանաչումից, որովհետեւ դա չէր բխում նաեւ Մոսկվայի շահից: Մոսկվան ապրիլյան քառօրյան չէր կասեցրել նրա համար, որ հետո ձեռքից բաց թողնի իրավիճակի կառավարումը: Սանկտ-Պետերբուրգում օրակարգի առաջին պլան բերվեց այսպես ասած մոնիտորինգի եւ դիտորդների գաղափարը: ՌԴ համար դա շահեկան էր, քանի որ տալիս էր հնարավորություն առաջ մղել հենց ռուս դիտորդների թեման, ինչի վրա ի դեպ շեշտադրումը արվում էր նաեւ արդեն 2020-ին բռնկված պատերազմի ընթացքում: Ի վերջո, «անվտանգության երաշխիք» դարձան ռուսաստանցի խաղաղապահները:

Այդ առաքելությունը նրանց համար ընտրել է հենց ՌԴ նախագահը, որը կարող էր 2016 թվականին ընտրել հրադադարի վերահսկման միջազգային մեխանիզմի եւ հետաքննության գաղափարը: Այդ ժամանակ ռուս զինվորներին հարկ չէր լինի վտանգել կյանքը:

Աղբյուր՝ https://www.lragir.am/2020/12/21/610000/