Սահմանային կետերի տեղորոշումը ունի որոշակի նրբություններ ու բարդություններ, բայց մեր համոզմունքն այն է, որ այդ աշխատանքը պետք է տեղի ունենա ու այն անհրաժեշտ է Սյունիքի ու Հայաստանի անվտանգության ապահովման տեսանկյունից:
Այս մասին կառավարության հերթական նիստին ասաց Նիկոլ Փաշինյանը: Նա նկատեց, որ այս գործունեության հետ կապված կարող են լինել ամենատարբեր մեկնաբանություններ:
«Մենք ավելացնում ենք Սյունիքի անվտանգության երաշխիքները ու Հայաստանի անվտանգության երաշխիքների նոր համակարգ ենք ձևավորում: Երկու բնակավայր ունենք, որոնց հետ կապված կարող են ծագել որոշակի հարցեր, մեկը Որոտանի մասին է, երկրորդը՝ Շուռնուխի, որտեղ կան որոշակի սահմանային հարցեր, որոնց շուրջ ամենօրյա աշխատանք է տեղի ունենում»,-ասաց Փաշինյանը:
Փաշինյանն ասաց, որ այդ հարցերը կարող են որոշակի ցավոտ իրավիճակների բերել: Նա հավաստիացրեց, որ կառավարությունը համարժեք փոխհատուցումներով հանդես կգա ու մեր քաղաքացիների շահերը լիաժեք պաշտպանված կլինեն:
«Միջազգայնորեն ընդունված, ճանաչված տարածքից ոչ մի միլիմետր զիջման մասին խոսք չի եղել ու չի կարող լինել, բայց սա չի նշանակում, որ այս պրոցեսները պետք է համարել սահմանների դեմարկացիա ու սահմանների դելիմիտացիա: Տեղի է ունենում սահմանային կետերի տեղորոշում, որի նպատակը անվտանգության ապահովումն է»:
Նա նշեց, որ այսօր քննարկում է ունեցել ՀՀ սահմանապահ զորքերի հրամանատարի հետ, տվել կոնկրետ հանձնարարականներ, թե ինչպես հնարավորինս սահուն ընթանա պրոցեսը:
Փաշինյանը նշեց, թե քաղաքացիների հնարավոր գույքային վնասները կառավարությունն ամբողջությամբ կփոխհատուցի: