Այսօր լրատվամիջոցներում տարածվել էր տեղեկատվուըթյուն, որ Երևանի քաղաքապետարանի առջև անժամկետ նստացույց հայտարարած ակտիվիստ Սուրեն Սահակյանը արևահարության ախտանիներով տեղափոխվել էր սբ. Գրիգոր Լուսավորիչ ԲԿ, որտեղ պարզվել էր, որ նրա ջերմությունը 40-ից չի իջնում: YerevanNews.am-ի թղթակիցը փորձեց ԲԿ-ից պարզել, թե հմա ինչպես է Սահակյանի ինքնազգացողությունը, որտեղ հայտնեցին, որ վերջինս փախել է հիվանդանոցից առանց դուրս գրման թույլտվության: Մեր թղթակիցը Սուրեն Սահակյանի ակտիվիստ ընկերոջից՝ Վահագն Մինասյանից իմացավ, որ Սահակյանը ԲԿ-ում ստորագրել է փաստաթղթի տակ, որ չի ցանկանում օգտվել այդ բուժկենտրոնի ծառայություններից, քանի որ նրան այնտեղ ասել են, որ կամ պետք է վճարի հիվանդասենյակի համար կամ լքի տարածքը: Մինասյանը հերքեց բուժկենտրոնի տված տեղեկատվությունը և ասաց, որ Սուրեն Սահակյանի ինքնազգացողությունը նույնն է և փոփոխություններ չկան:
«Սուրենն իրեն վատ էր զգում, և այդ պատճառով մենք այսօր ոստիկաններից խնդրեցինք շտապ օգնություն կանչել: Երբ եկավ շտապ օգնությունը, առանց բուժզննման, առաջարկեց ջերմիջեցնող ներարկել և տեղափոխել իրենց բուժկենտրոն, սակայն մենք, տեսնելով բուժաշխատողների ոչ պրոֆեսիոնալ վերաբերմունքը, հրաժարվեցինք: Այս պահին Սուրենը իրենց տանն է, որտեղ ծնողների հետ խորհրդակցելուց հետո կտեղափոխվի ուրիշ բուժկենտրոն և լիարժեք բուժվելուց հետո կմիանա մեզ»,- մեր թղթակցին հայտնեց ակտիվիստ Վահագն Մինասյանը: