Մոսկվայից չեն հերքել ու նաեւ չեն մեկնաբանել Հայաստանի տարածքում հաղորդակցությունների «անվտանգության գոտիների» ստեղծման Բաքվի առաջարկը, որն իր հերթին հղում է արել ռուս-թուրքական պայմանավորվածությանը: Սյունիքի «սահմանային որոշ կետերի տեղորոշումը», ինչպես բնորոշել է Նիկոլ Փաշինյանը, կարծես թե դրա նախապատրաստական փուլն է: Փաշինյանն ասում է, որ դա դեռեւս դելիմիտացիա ու դեմարկացիա չէ, ստեղծվում են անվտանգության երաշխիքներ Սյունիքի համար, եւ ընդհանրապես՝ Հայաստանի համար անվտանգության նոր համակարգ է ստեղծվում:


Եթե անվտանգության նոր համակարգ է ստեղծվում, նշանակում է եղած համակարգը՝ ՀԱՊԿ եւ Ռուսաստանի հետ պաշտպանական պայմանագրային բազան այլեւս դադարո՞ւմ է գործել: Դա նշանակում է, որ Ռուսաստանն ու ՀԱՊԿ-ը հրաժարվո՞ւմ են կատարել իրենց պարտավորությունները Հայաստանի հարցում: Դա էլ նշանակում է, որ ներկայում Սյունիքում «սահմանային որոշ կետերի տեղորոշումը» տեղի է ունենում Ռուսաստանի հետ պայմանավորվածությամբ ու «բարձր հովանու ներքո»:

Մոսկվան իհարկե փորձում է բացառել նման որեւէ ընկալումները հայ հանրության մեջ եւ շարունակել լինել փրկչի դերում, որի համար գործի է դրվել քարոզչական ողջ ռեսուրսը Ռուսաստանում ու Հայաստանում: Փաշինյանի «սորոսական, նժդեհա-ֆաշիստական, հակառուսական» վարչակարգը դավաճանել է Ռուսաստանին, հայ-ռուսական հարաբերություններում անվստահություն է՝ սա է քարոզչությանը Կրեմլից իջեցված հիմնական դիրեկտիվը: Ըստ այդմ, Հայաստանը պատժվում է դրա համար:

Իր հերթին, վարչապետի հրաժարականը պահանջող 17-ի «փրկիչների» ձեւաչափը գործում է նույն այս քարոզչական կաղապարի շրջանակում: Պատերազմում պարտությունը եւ ընդամենը հրադադարի մասին հայտարարությունն այս խմբերի «ջանքերով» ձեւակերպվեց որպես կապիտուլյացիա, հայ հանրության մեջ շարունակվում է ողբի, հուսալքության սերմանումը, կամազրկման փորձերը, ինչը ռուս-թուրքական ծրագրերն անարգել իրականացնելու պայմանն է:

Կառավարությունը եւ 17-ի «փրկիչները» ձեռնամուխ են միեւնույն սցենարին: Նոյեմբեր 9-ի հայտարարության հետեւանքները մերժողներն անմիջապես օսաննաներ են ձոնում դրանց հեղինակ Ռուսաստանին: Դեկտեմբերի 5-ից ի վեր «փրկիչները» իրենց լիովին դրսեւորեցին հրապարակային ելույթներով՝ որպես իմքայլականներին համանման գորշ, անմիտ ու գաղափարազուրկ համույթ:

Իսկ Ռուսաստանն արդեն անցել է հաջորդ «լեվել»: Ես լինեի՝ եռակողմ հայտարարությունը չէի ստորագրի, հայտարարել է ՌԴ հայերի միության բնորոշմամբ՝ Պետդումայի միակ եւ վերջին «հայամետ» պատգամավորը՝ Զատուլինը, շարունակելով կառավարության դավաճանության թեման: Հայաստանն այսքանից հետո դեռ պարտք է ավագ եղբորը: Իսկ եթե թեման շարունակվում է, եւ հայերը դեռ պարտք են, նշանակում է նոր հարվածներ են պատրաստվում Հայաստանի դեմ: Այդ հարվածների տեղական «քաղաքական ու տեղեկատվական հովանավորները» մտածելու բան ունեն, եթե իհարկե նման խնդիր են դնում իրենց առջեւ: Հայաստանի դեմ քայլերը հնարավոր են դառնում խամաճիկ քաղաքական դասի ու կամազուրկ հանրության պարագայում:

Մինչ այդ, իրական պատկերը պարզվում է սահմանին կանգնած մարդկանց, իրադարձությունների կիզակետում հայտնված համայնքապետերի, պատերազմը սկզբից մինչեւ վերջ անցած եւ ոչ մի խմբակի չհարող ռազմիկների պարզ պատմություններից: Նրանք կան, ու նրանք դեռ ասելու են իրենց խոսքը:

Աղբյուր՝ https://www.lragir.am/2020/12/26/611239/