Ստեփանակերտից Երեւան ճանապարհին կնոջ ու երիտասարդի զրույցը․

Երիտասարդ․

-Մեր տունն ամենալավն էր մեր գյուղում, ադրբեջանցիներն իրենց դրոշն են բարձրացրել այնտեղ, երեւի մտածել են, որ գեներալ է ապրում։ Երանի Արցախը հնարավորինս շուտ մտնի Ռուսաստանի կազմ․․․

Կին․

– Ինչի՞դ է պետք, որ Արցախը մտնի Ռուսաստանի կազմ։

– Ռուսական անձնագիր ստանալու ու Ռուսաստան գնալու համար։

– Գնա Ռուսաստան ու այնտեղ ստացիր։

– Ոչ, այնտեղ դժվար է։

– Ուրեմն, անձնագիր ստանալու համար պատրաստ ես հրաժարվել քո հողից ու այլ պետությա՞ն հանձնել։

– Իսկ ու՞մ տանք՝ թուրքերին։

– Իսկ ո՞վ է ասել, որ անպայման պետք է տալ։

Տիպիկ զրույց, որը հիմա տեղի է ունենում Ղարաբաղում։ Մարդիկ մտածում են ապագայի մասին, ինչ է սպասում Արցախին։ Ի՞նչ կլինի, երբ կվերջանան փողերը, որոնք սփյուռքն ուղարկել է Արցախին օգնելու համար։ Ո՞վ է ապահովելու քաղաքական, ռազմական, տնտեսական իշխանությունն Արցախում։

Հիմա Ստեփանակերտում ոչ ոք չգիտի, թե ով է իշխանությունը։ Արայիկ Հարությունյանից միայն անվանումն է մնացել։ Ինչպես խոսում են, քաղաքական իշխանությունը փոխանցվել է Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանին, որը, ըստ շշուկների, մշտական կապի մեջ է «գեներալ-նահանգապետ» Մուրադովի հետ։ Բայց փողը, որը սփյուռքը հավաքել է Արցախի համար, Հայաստանի իշխանությունը փորձում է վերահսկել իր մարդկանց միջոցով։ Փոխեցին երեք նախարարի, որոնց միջոցով անցնում են ֆինանսները՝ տարածքային կառավարման, սոցապահովության եւ առողջապահության նախարարությունները։ Հավաքված գումարը պետք է բաշխվի Արցախում, եւ ֆինանսական հոսքերն անցնում են կոնկրետ նախարարություններով։

Բայց ի՞նչ կլինի հետո։ Ռուսական քարոզչությունն ու Հայաստանում նրա կրեատուրան ակտիվորեն առաջ են տանում թեզը, որ «եթե ոչ ռուսները, ապա թուրքերը»։ Արցախում ռուս խաղաղապահների նկատմամբ վերաբերմունքը բարյացակամ է։ Բոլորն ընդունում են, որ այդ մարդիկ պաշտպանում են իրենց, չնայած համոզված են, որ առանց ռուսների թուրքերը հաջողության չէին հասնի։

Ղարաբաղում Երեւանի մասին խոսում են տարակուսանքով։ Ինչո՞վ են այնտեղ զբաղված։ Մի՞թե ոչ ոք այդպես էլ չի ասի, որ չէր կարելի հանձնել Ղարաբաղը։ Մի՞թե Սյունիքն էլ կտան։ Միացումը չստացվեց, նշանակում է պետք է աշխատել անկախության վրա։ Իսկ նրանց, ում պետք է ռուսական, թուրքական կամ այլ անձնագիր, թող գնան ու տեղում ստանան։

Աղբյուր՝https://www.lragir.am/2020/12/26/611325/