Ոստիկանությունն այսօր պաշտոնապես հաստատել է Վանաձորում երեխայի առքուվաճառքի դեպքի բացահայտումը։

Ոստիկանության քրեական հետախուզության, կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունների, Երևան քաղաքի վարչության մետրոպոլիտենի պահպանության բաժնի և Լոռու մարզային վարչության  ծառայողները օգոստոսի 5-ին, ժամը 18.20-ին, երեխայի առուվաճառք կատարելու կասկածանքով, Վանաձոր քաղաքի Տիգրան Մեծի պողոտայի թիվ 41 շենքի մոտից Լոռու մարզային վարչություն բերման են ենթարկել Աննա Է.-ին, 1961 թ. ծնված Գեղեցիկ Վ.-ին, 1985 թ. ծնված Սերինե Ա.-ին, իսկ Վանաձոր քաղաքի համալիրի մոտից` 1973 թ. ծնված Նարեկ Ս.-ին և Վանաձոր քաղաքի Տիգրան Մեծի պողոտայում գտնվող  հանրախանութի մոտից` 1955 թ. ծնված Արշալույս Հ.-ին, որոնք, համաձայնության գալով  օտարերկրյա քաղաքացուհի 1980 թ. ծնված Ալլա Հ.-ի հետ, պայմանավորվել են 15.000 դոլարով վերջինիս վաճառել անչափահաս, 2009 թ. ծնված  Ռիմա Ա.-ին:

Ինչպես տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունից, պայմանավորվածության համաձայն` օգոստոսի 5-ին, Գեղեցիկ Վ.-ն երեխայի վաճառքի համար Ալլա Հ.-ից պահանջել և ստացել է 7.000  դոլար, իսկ մնացած 8.000  դոլարը, ըստ նախնական պայմանավորվածության, Ալլա Հ.-ն Գեղեցիկ Վ.-ին պետք է հանձներ մի քանի օրվա ընթացքում:

Փաստի առթիվ ոստիկանության քննչական գլխավոր  վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 168-րդ հոդվածի 1-ին մասի  հատկանիշներով  հարուցվել է քրեական գործ:

Աննա Է.-ն և Գեղեցիկ Վ.-ն ձերբակալված են:

Կատարվում է նախաքննություն: