Սոչիում ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպմանը Թուրքիայի արտաքին գործերի նախարարը հիշել է, որ հաջորդ տարի երկու երկրների հարաբերության համար հոբելյանական տարի է: Լավրովն էլ խոսել է այն մասին, որ երկկողմ հարաբերությունում ներկայումս առանցքային տեղ ունի արցախյան հարցը:


Չավուշօղլուն իհարկե ակնարկում է 1921 թվականի ռուս-թուրքական՝ Մոսկվայի և Ղարսի պայմանագրերի մասին, որոնք դիտվում են երկկողմ հարաբերության մեկնակետ: Դրանք դառնում են 100 տարեկան: Մեկ դար է, ինչ Թուրքիան ու Ռուսաստանը Կովկասում կառուցել են իրենց հարաբերությունը գործնականում հայկական կյանքերի ու տարածքների հաշվին: Իհարկե, ոչ միայն հայկական, սակայն գերազանցապես հայկական տարածքների ու կյանքերի հաշվին: Մեկ դար անց արցախյան պատերազմում, որ սանձազերծեց Թուրքիան, նոյեմբերի 9-ի դե ֆակտո ռուս-թուրքական նոր պայմանավորվածությունը դարձյալ հայկական կյանքերի ու տարածքների հաշվին էր: Սակայն որոշակիորեն թյուր է տպավորությունը, որ այդ պայմանավորվածությունը 1921 թվականի պայմանագրի «հոբելյանական» վերագործարկումն էր կամ թարմացումը: Արցախի պատերազմում պայմանագիրը խախտվել է, և Լավրովը թերևս ակնարկում է այդ մասին՝ նշելով, որ երկկողմ հարաբերություններում Արցախի հարցը առանցքային հարց է:

Բանն այն է, որ ներկայումս բացարձակ գոյություն չունի այն ստատուս-քվոն, որ ամրագրված է 1921 թվականի պայմանագրով: Ռուսաստանը ԽՍՀՄ փլուզումից հետո կորցրել է ահռելի տարածություն, որ պայմանագրով իրենն էր: Մոսկվան կորցրեց Նախիջևանը, հետո աստիճանաբար կորցրեց ազդեցությունն Ադրբեջանի վրա:


Հոկտեմբեր-նոյեմբերին կորսվեց Արցախի հաղթանակի զգալի մասը, որ հայկական վերահսկողությամբ գործնականում ռուսական ազդեցության գոտի էր, քանի որ Հայաստանը ռուսական ազդեցության ներքո էր:

Չավուշօղլուն հիշատակելով հոբելյանական տարին, թերևս արտահայտում է Թուրքիայի ակնկալիքը՝ Մոսկվայի պայմանագրի, այսպես ասած, ոգով ամրագրել նոր ստատուս-քվոն: Պայմանագրի տառը Անկարան խախտել է վաղուց, ոգին առաջ է բերելու այդ խախտումները ամրագրելու համար: Ինչ է անելու Ռուսաստանը, պարզ չէ: Ընդ որում՝ պարզ չէ, թե արդյո՞ք Ռուսաստանը պատկերացնում է իր անելիքը, ունի՞ մշակված ռազմավարություն ռուս-թուրքական «հոբելյանական» տարվա համար: Այդ իմաստով, Լավրովի հայտարարությունը խոսում է այն մասին, որ Մոսկվան Անկարային մատնացույց է անում Արցախը, թերևս ակնարկելով, որ Թուրքիան խախտել է 1921 թվականի պայմանագիրը: Մինչ այդ, իհարկե, Անկարան էր պարբերաբար ակնարկում Ռուսաստանին, որ Արցախում հայկական հաղթանակն էլ պայմանագրի՝ Թուրքիայի նկատմամբ խախտում է: Կովկասում չկա ռուս-թուրքական «ոչ ոքի» տարբերակ: Չնայած պարբերական պայմանավորվածություններին, երկու կողմն էլ խորապես գիտակցում է, որ հարցը կամ-կամ տիրույթում է: Միևնույն ժամանակ, գրեթե վեր է կասկածից, որ Կովկասում մեռնելու են երկու կայսրությունն էլ՝ ռուսականն էլ, թուրքականն էլ: Հարցն այն է, թե ով առաջինը: Հայաստանի համար դա, խոշոր հաշվով, չունի էական տարբերություն, սպառնալիքներն ու հնարավորությունները, մեծ հաշվով, նույնն են, ըստ այդմ՝ նույնն է խնդիրը՝ գոնե աղետալի պարտությունից հետո լրջանալ, ոտքի կանգնել և սկսել պետության ընթացքի նոր ճանապարհի կառուցումը: