ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում ասել է, որ Ղարաբաղում հրադադարի հաստատումից հետո արձանագրված միջադեպն արձանագրվել է այն վայրում, որտեղ չեն եղել ռուս խաղաղապահներ, տեղեկացնում է «Արմենպրես»–ը:
«Ռուս խաղաղապահների նկատմամբ սադրիչ գործողություններ դեռ չեն արձանագրվել: Դեկտեմբերի 13-ին շփման գծում արձանագրված միակ նկատելի խախտումը տեղի է ունեցել այնտեղ, որտեղ չկան ռուս խաղաղապահներ։ Ադրբեջանցի և հայ գործընկերների հետ շփումներում մեր խաղաղապահ զորախմբի հրամանատարության ձեռնարկած քայլերը թույլ տվեցին խուսափել միջադեպի աճից: Այսուհետ ևս կգործադրենք բոլոր ջանքերը՝ հրադադարի խախտումներ թույլ չտալու համար», ասել է Լավրովը:
Լավրովը նկատի ունի Խծաբերդի եւ Հին Թաղերի «միջադեպը», որը ռուսական կողմը համարում է հրադադարի խախտման միակ դեպքը: Նա չի խոսել այն մասին, թե ինչպես է «հաջողվել խուսափել միջադեպի աճից»: Այս գյուղերի գյուղապետերի եւ իրադարձություններին անմիջական մասնակցածների պատմություններից պարզվել է հետեւյալ պատկերը: Նոյեմբերի 9-ի փաստաթղթի առաջին կետով հայկական զինուժը պետք է մնար այդտեղ: Դեկտեմբերի 12-13-ին հարձակում է ձեռնարկվում այդ գյուղերի դեմ, հայկական զինուժը կանգնեցնում է այն: Ռուս խաղաղապահները, որոնք պետք է այդտեղ լինեին դեռեւս մեկ շաբաթ առաջ, ժամանում են միայն մարտական գործողությունների ընթացքում: Ռուս խաղաղապահների քարտեզում անգամ այդ տարածքները ներառվում են: Մեկ օր անց, «անհասկանալի պայմաններում» քարտեզը նորից վերադառնում է նախկին վիճակին, եւ պարզվում է՝ հայկական կողմը, որը մի քանի օր դիմակայում էր թուրքական հարձակումներին, դադարեցնում է դիմադրությունը, պարզվում է՝ ունենք շրջափակված կամ գերության մեջ հայտնված հարյուրավոր մարտիկներ, 9 զոհ: Դրանից հետո այդ գյուղերը հայտնվում են ադրբեջանական վերահսկողության տակ, Կրեմլի խոսնակը հայտարարում է, որ նման միջադեպերը լրացուցիչ գլխացավանք են ռուս խաղաղապահների համար, իսկ ՀՀ վարչապետն էլ ասում է, թե հայկական կողմը ռուս խաղաղապահների ներկայությամբ դիմադրելու կաշկանդվածություն է ունենում:
Այս ֆոնին, Լավրովի հայտարությունը նշանակում է, որ նմանատիպ այլ դեպքերում էլ գործելու է նույն սխեման, միայն թե ռուս խաղաղապահները չընկնեն ավելորդ գլխացավանքների մեջ: