Երգչուհի Դալիթա Ավանեսյանն օրերս նոր ֆոտոշարք է իրականացրել լուսանկարչուհի Միլեն Մանուկյանի հետ, որը, ինչպես ինքն է բնութագրում, խորհրդանշում է խաղաղություն, պարզություն ու մաքրություն:
NEWS.am STYLE-ը երգչուհու հետ զրուցել է առաջին անգամ համարձակ կերպարով ներկայանալու, 2020-ի ու գալիք տարվա սպասելիքների մասին:
Դալիթա, վերջերս բավական համարձակ ֆոտոշարք ներկայացրիր, կարող եմ ասել, որ մինչ օրս քո ամենահամարձակ շարքն է. ինչպե՞ս եկար այդ գաղափարին:
Մտահաղացումը ծագեց իմ ու մայրիկիս քննարկումների ժամանակ, հետո խոսեցինք լուսանկարիչ Միլեն Մանուկյանի հետ եւ իրականացրինք այնպես, ինչպես պատկերացրել էինք։
Կարելի՞ է ենթադրել, որ այդ շարքով ցանկություն ունեիր եւս մեկ անգամ շեշտել քո հասունությունն ու ստեղծագործական նոր էտապը:
Այս ֆոտոշարքով չեմ ցանկացել շեշտել որեւէ միտք, պարզապես ստեղծել եմ էսթետիկ ֆոտոշարք՝ հնարավորինս պարզ էլեմենտներով՝ օգտագործելով սպիտակ գույնը, որը խորհրդանշում է խաղաղություն, պարզություն ու մաքրություն։
Դալիթա, 2020-ը, անխոս, սարսափելի տարի էր, հատկապես, հայերիս համար, բայց հետաքրքիր է, երբ ետ ես նայում ամբողջ տարվան, ինչ-որ անձնական ձեռքբերումներ առանձնացնո՞ւմ ես:
Իրականում անսպասելիորեն ծանր տարի էր բոլորիս համար, բայց ետ նայելով եւ ամփոփելով տարին՝ կարող եմ ասել, որ ունեցել եմ ամենակարեւոր ձեռքբերումները՝ թե ուսման, եւ թե ստեղծագործական ոլորտներում։ Ավարտեցի Ամերիկյան համալսարանի ծրագրավորման եւ ճարտարագիտության բակալավրը՝ այնուհետեւ շարունակելով ուսումս նույն համալսարանի մագիստրատուրայում՝ համակարգչային գիտությունների ինֆորմացիայի բաժնում։ Այս մասնագիտությամբ ընդունվել եմ նաեւ աշխատանքի: Կինոյի ոլորտում նույնպես ունեցա ձեռքբերումներ։ Հասցրի նկարահանվել «Քավարան»/Purgatory հայ-ամերիկյան սերիալում, որի առաջին սեզոնը ցուցադրվեց Apple TV եւ PopStar TV միջազգային հարթակներով։ Հուսով եմ, որ գալիք տարում կկարողանանք շարունակել երկրորդ եթերաշրջանի նկարահանումները։
Նկարահանվեցի նաեւ նոր գեղարվեստական ֆիլմում, որը էկրան կբարձրանա գարնանը։ Կարեւորագույն ձեռքբերումներից եմ համարում լավ մարդկանց հետ ծանոթությունը եւ ընկերներ ձեռք բերելը։
Իսկ ինչպե՞ս ես հաղթահարում այս շրջանը:
Ինչպես բոլորը, ես նույնպես անմասն չմնալով 2020-ի դժվարին օրերի ազդեցություններից՝ փորձում եմ առաջ նայել ու կենտրոնանալ ստեղծագործական եւ ուսումնական ոլորտների վրա: Ես ապրում եւ ստեղծագործում եմ իմ հայրենիքում եւ իմ կարողությունների չափով միշտ պատրաստ եմ ծառայել Հայաստանին։
Լավատե՞ս մարդ ես առհասարակ:
Այո, հույսով եւ լավատեսությամբ փորձում եմ հաղթահարել ցանկացած դժվարություն։
Ի՞նչ սպասումներ ունես 2021-ից:
Երազում եմ որ գալիք տարին հաստատի մեր երկրում խաղաղություն եւ համերաշխություն։ Վերանա համաճարակը եւ կյանքը անցնի իր բնականոն հունին, սերը, հարգանքն ու բարությունը լինեն համատարած, իսկ մեր բոլոր զինվորներն անփորձանք լինեն իրենց ծառայության ընթացքում...