Ադրբեջանի ԶՈւ-ն հրաձագային զենքից կրակ է բացել Ղարաբաղում: Այս մասին Ստեփանակերտից հայտնում են, ինչպես պնդում են հայկական զլմ-ները, ռուսական հատուկ ծառայությունների հետ կապված Wargonzo-ի աղբյուրները: Ըստ դրանց՝ անկանոն կրակոցներ են արձակվել Շուշիի շրջանում: Մեծ մասը կրակոցներ են օդում, սակայն կրակում են նաեւ Արցախի Պաշտպանության բանակի դիրքերի ուղղությամբ:
Արցախի ԱԽ քարտուղար Վիտալի Բալասանյանը ՌԻԱ Նովոստիին ասել է, որ «Ադրբեջանը բազմիցս խախտում է Արցախի Հանրապետության այսօրվա պայմանական սահմանները։ Շփման գծում ևս ժամանակ առ ժամանակ խախտումներ են լինում. նոյեմբերի 10-ի դրությամբ ֆիքսված շփման գիծը չի պահպանվում, ադրբեջանցիներն առաջ են տանում իրենց դիրքերը, փորձում են տարբեր սադրանքների դիմել, սակայն Արցախի պաշտպանության բանակը սադրանքների չի տրվում»:
Նրա խոսքով, Ադրբեջանի կողմից խախտումներ են արձանագրվել Աղդամի, Ասկերանի, Ստեփանակերտի և Կարմիր Շուկայի ուղղությամբ: «Բացի այդ, արձանագրված խախտումների մասին տեղեկացնում ենք ռուսական խաղաղապահ զորախմբին, ճիշտ է, բարձրացված հարցերը դեռ մասամբ են լուծվում, սակայն այդ ուղղությամբ նկատվում են դրական միտումներ», ասել է Բալասանյանը:
Ավելի վաղ նա հայտարարել էր, որ ռուսական կողմի հետ բանակցությունների արդյունքում հույս կա վերադարձնել Հադրութը եւ Ասկերանի շրջանի բնակավայրերը: Նա ասել է, որ համոզված է դրանում:
Անցյալ տարվա դեկտեմբերին ռուս խաղաղապահ էր զոհվել Շուշիի մոտակայքում, ականի պայթյունից: