Առողջապահության նախարարի մամուլի խոսնակը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«ՀՀ էկոնոմիկայի նախարարի հարցազրույցի ընթացքում բարձրաձայնված խնդիրների կապակցությամբ
Ինչպես արդեն տեղեկացրել ենք առողջապահության նախարարությունը կառավարություն է ներկայացրել «Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի սեպտեմբերի 11-ի թիվ 1514 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» կառավարության որոշման նախագիծը, որով առաջարկվում է կարանտինը երկարաձգել 6 ամսով:
Նախևառաջ, կցանկանայի շեշտել, որ կարանտինի երկարաձգումը հնարավորություն է տալիս պահպանել առկա կարգավորումները` շարունակելով այնպիսի միջոցառումների իրականցումը, ինչպիսիք են դիմակների կրումը, սահմանների անցման դեպքում ՊՇՌ հետազոտության պահանջը, տարբեր կազմակերպությունների, այդ թվում ուսումնական, ծառայությունների մատուցման , փակ հաստատությունների (օրինակ հոգեբուժական հաստատությունների) գործունեության իրականացումը սանիտարահամաճարակային անվտանգության կանոնների պահպանման դեպքում, և նմանատիպ այլ կարգավորումներ:
Հետևաբար, կարանտինը չերկարացնելու դեպքում, նշված կարգավորումները չեն գործելու և հնարավոր չի լինելու իրականացնել կանխարգելիչ նման միջոցառումներ:
Սույն նախագծով ՈՐԵՎԷ տնտեսական գործունեության տեսակի վրա արգելք սահմանված չէ, այլ սահմանված են պահանջներ, որոնք հնարավորություն են տալիս նվազեցնել կորոնավիրուսային հիվանդության վարակման ռիսկը այդ կազմակերպություններում:
Ներկայումս, երբ աշխարհում կորոնավիրուսային հիվանդությամբ պայմանավորված համաճարակային իրավիճակը շարունակում է մնալ լարված, երբ առկա են նաև տվյալներ վիրուսի նոր տարբերակների ի հայտ գալու մասին, երբ մի շարք երկրներ սահմանում են առավել խիստ կարանտին, օրինակ լոքդաուն` հաշվի առնելով իրենց երկրներում դեպքերի և մահերի կտրուկ աճը, երբ պատվաստումների մասայական իրականցումը դեռևս հնարավոր չէ, միանշանակ է, որ որևէ միջոցառում չանելն ու դրանով վարակի տարածմանը նպաստելն անթույլատրելի է:
Հիշեցնենք, որ մինչ այսօր Հայաստանում գրանցվել է ավելի քան 161 հազար դեպք 2901՝ մահվան ելքով: Ըստ որոշ միջազգային գնահատականների Հայաստանում մինչև ապրիլի 1-ը կանխատեսվում է մահերի աճ՝ մինչև 3930:
Նախարար Վահան Քերոբյանը նաև նշել է, որ տնտեսությանը հիմա ամենաշատը հարկավոր է թթվածին: Անցած ամիսների ընթացքում կորոնավիրուսային հիվանդությամբ բուժվող անձանց էր ամենաշատը անհրաժեշտ թթվածին, ինչն առողջապահության նախարարության ջանքերով ապահովվել է:
Մենք լիահույս ենք, որ էկոնոմիկայի նախարարությունը ևս ջանքեր չի խնայի տնտեսությանը թթվածնով ապահովելու համար` առանց հիվանդների թիվը ավելացնելու, ինչպես նաև նրանց բուժման համար անհրաժեշտ թթվածնի մատակարարումը խաթարելու։
Ներկայացված առաջարկը դեռևս նախագիծ է և չի հաստատվել կառավարության կողմից, հետևաբար առողջապահության նախարարությունը միշտ էլ պատրաստակամ է քննարկելու ցանկացած առաջարկ, եթե դա հիմնավոր է, ողջամիտ և հիմնված է առկա լավագույն ապացուցողական քաղաքականությունների վրա»: