«Ժողովուրդ» թերթը գրում է. «2020 թվականի հունվարի 17-ին Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում գտնվող իր սեփական բնակարանում ինքնասպան էր եղել Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանը, որի մահվան լուրը ցնցեց ողջ հանրապետությունը։
5 օրից կլրանա ԱԱԾ նախկին տնօրենի մահվան մեկ տարին, եւ ամենակարեւոր հարցը՝ ինչու նա գնաց այդ ծայրահեղ քայլին, այդպես էլ չունեցավ իր պատասխանը: Հիշեցնենք, որ Գեորգի Կուտոյանի դին հայտնաբերվել էր իր բնակարանում՝ քունքի շրջանում հրազենային վնասվածքով:
«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ մեկ տարի տեւած քննության արդյունքում Գեորգի Կուտոյանի մահվան հանգամանքները պարզելու համար նշանակվել են 10 -ից ավելի փորձաքննություններ, քրեական գործով հարցաքննվել է 100-ից ավելի վկա, պահանջվել են մուտքային եւ ելքային հեռախոսազանգերի փորձաքննությունները:
Նկատենք, որ ի վերջո վարույթն իրականացնող մարմինը մեկ տարի շարունակ քննեց միայն ինքնասպանության վարկածը: Եվ այժմ, մեր տեղեկություններով, ՀՀ քննչական կոմիտեն որոշում է կայացրել կասեցնել քրեական գործով քննությունը:
Այս տեղեկությունը փորձեցինք պարզել ՀՀ քննչական կոմիտեից։ Ի պատասխան՝ ՀՀ քննչական կոմիտեի լրատվական բաժնի պետ Ռիմա Եգանյանը հայտնեց. «ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարեւոր գործերի քննության գլխավոր վարչությունում ՀՀ ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի մահվան դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը կասեցվել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, այն է՝ հայտնի չէ անձը, որը գործով պետք է ներգրավվի որպես մեղադրյալ»: Ասել է թե՝ ԱԱԾ նախկին տնօրենի մահը այդպես էլ մնաց առեղծված»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում