Ռուսական եւ հայկական տարբեր մեդիահարթակներում տեղեկություն էր տարածվում, թե Բաքվի հանցախմբի պարագլուխը 5 միլիարդ դոլար է վճարել ՀՀ եւ Արցախի ղեկավարությանը Ղարաբաղը հանձնելու համար:


Ներկայում համացանցում տեղեկություններ են տարածվում, որ Ալիեւը նաեւ 10 միլիարդ դոլար է վճարել ՌԴ ղեկավարությանը՝ հայերի «երաշխավորված» պարտությունը կազմակերպելու համար: Նշվում է, որ այդ գումարները փոխանցվել են Պուտինի մտերիմ ընկերոջ՝ Իլհամ Ռահիմովի միջոցով, դրանց մի մասը վճարել են ՌԴ-ում աշխատող ադրբեջանցի բիզնեսմենները, մասնավորապես՝ Գոդ Նիսանովը:


Ճի՞շտ են արդյոք այս տեղեկությունները: Բաքուն միջազգային հարաբերություններում, համենայնդեպս, կիրառում է կաշառելու լայն պրակտիկա: ԵԽԽՎ-ում վերջին տարիներին կոռուպցիոն բացահայտումները դրա վկայությունն են: Երեկ, օրինակ, Միլանի դատարանը 4 տարվա ազատազրկման դատապարտեց ԵԽԽՎ իտալացի նախկին պատգամավոր Լուկա Վոլոնտեին, ով Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցության նախկին պատգամավոր և ԵԽԽՎ-ում Եվրոպական ժողովրդական կուսակցության խմբակցության նախկին նախագահն է: Վոլոնտեն մեղադրվում էր 2012-2013 թվականների ընթացքում Ադրբեջանից 2,4 մլն եվրո կաշառք վերցնելու մեջ: Լրագրողական հետաքննությունները բացահայտել են բազմաթիվ նման դեպքեր, որոնք առաջիկայում թերեւս իրավական ձեւակերպում կստանան:

Դե, իսկ Ռուսաստանն իսկական դրախտ է Բաքվի համար: Օրինակ, նույն Իլհամ Ռահիմովը եղել է Պուտին-Ալիեւ-Օրբան գործարքի միջնորդը, երբ հայ զինվորականին գլխատած սաֆարովին Հունգարիան արտահանձնեց Բաքվին: Իսկ Գոդ Նիսանովի վերաբերյալ վերջերս հետաքննություն հրապարակվեց ռուսական հարթակներում, որում բացահայտվում էր, որ նա ՌԴ արտաքին հետախուզության ղեկավար Նարիշկինի «գրպանն» է եւ վճարում է նրա կարիքները: Ի դեպ, Նարիշկինը կարող է ԱԳ նախարարի պաշտոնում փոխարինել Լավրովին:

Առանձին հիշատակման արժանի է զենքի միջազգային խոշոր առեւտրական, Ռոստեխ պետական ​​կորպորացիայի ղեկավար, Պուտինի մերձավոր շրջանակից թերեւս ամենագլխավորը՝ Չեմեզովը: Նրա եւ Ալիեւի օֆշորային գործարքների վերաբերյալ լրագրողական հետաքննությունն՝ այստեղ: Նշենք միայն, որ 2016-ի ապրիլյան ռազմագործողությունների ժամանակ, ըստ ԶԼՄ-ների տեղեկությունների, նա էր կանգնած Հայաստանի համար նախատեսված զենքի մատակարարումների ուշացման հետեւում: Չեմեզովը առանցքային դեր է խաղում Իսրայելի հետ Բաքվի գործարքներում:

Ճիշտ են, թե ոչ 5 եւ 10 միլիարդի վերաբերյալ տեղեկությունները, դժվար է ասել: Համենայնդեպս, մեկն առանց մյուսի բացառվում է: Սակայն, անկախ դրանից՝ ռուս-ադրբեջանական նման հարաբերությունների վերաբերյալ արդեն հրապարակված հետաքննություններ ու փաստեր կան, առաջիկայում կլինեն նոր բացահայտումներ:

Մինչ այդ, Ռուսաստանն ու Բաքուն ահռելի գումարներ են հատկացրել հակահայկական նոր քարոզչության համար: Զուգահեռ, ՌԴ-ում իշխանության տրանզիտի փուլում մեծանում են արտահոսքերը, որը կապված է տարբեր խմբավորումների պայքարի հետ:

Նյութի աղբյուր՝ https://www.lragir.am/2021/01/13/613660/