Հունվարի 11-ին Մոսկվայում եռակողմ «կոմունիկացիոն» հանդիպումից հետո Հայաստանի իշխանական շրջանակներում թույլ փորձեր են արվում հաղորդակցությունների բացումը նպաստավոր ներկայացնելու համար: Մասնավորապես, խոսվում է երկաթուղու մասին, ըստ որի՝ Հայաստանը հնարավորություն է ստանում բեռներ տեղափոխել Նախիջեւանով Իրան եւ «ադրբեջանով» Ռուսաստան:


Թե ինչ ունենք այդքան արտահանելու, որ չենք կարողանում եղած ճանապարհներով, հարցի մի կողմն է: Առավել հետաքրքիր է այն, որ Հայաստանի տարածքում այդ հաղորդակցությունները հսկելու են ՌԴ ԱԴԾ (ՖՍԲ) ստորաբաժանումները, սակայն մյուս հատվածներում, օրինակ Նախիջեւանում եւ «ադրբեջանում» դրանք չկան: Համարվում է, որ հայկական 46-48 կմ հատվածում վտանգներ կան, «ադրբեջանական» հարյուրավոր կիլոմետր ձգվող հատվածներում՝ ո՞չ: Կամ, Հայաստանն ի վիճակի չէ ապահովել «սովորական մի երկաթուղու» անվտանգությո՞ւնը: Ի՞նչ պատճառով:


Կարող են իհարկե պատճառներ նշվել, որ այդտեղ կա ռազմական էքսպանսիայի վտանգ, եւ ՌԴ-ն այդպիսով երաշխավորում է անվտանգությունը: Այդ վտանգն իհարկե կա, եւ դրա տեղեկատվական լայն շահագործմամբ իրականացվում է Սյունիքի «օտարման» գործընթացը՝ սահմանի տեղորոշմամբ եւ մայրուղու ռուս-թուրքական պարեկությամբ: Սա բացատրում է հարավային ճակատում տեղի ունեցած իրադարձությունները եւ Բերձոր-Շուշի գծով ռազմական գործողությունների դադարեցումը:

Աղբյուր՝ https://www.lragir.am/2021/01/16/614451/