Արցախյան երկրորդ մեծ պատերազմի ավարտից հետո Թուրքիան և Ադրբեջանը վերսկսում են համատեղ զորավարժությունները: Փետրվարի 1-12-ը Հայաստանի սահմանի հարևանությամբ՝ Կարսում, Թուրքիան ու Ադրբեջանը համատեղ զորավարժություն են անցկացնելու: Զորավարժությանը ներգրավվելու են տանկային ու հրետանային ստորաբաժանումներ, ուղղաթիռներ, հատուկջոկատայինների ստորաբաժանումներ, որոնք նոր սպառազինություն են փորձարկելու։ Զորավարժությունը կոչվում է «Ձմեռ 2021»․ ադրբեջանցի զինծառայողներն արդեն ժամանել են Կարս։
Ըստ թուրքական պաշտոնական հաղորդագրության՝ գործողության նպատակն է՝ «համատեղ օպերացիաների ժամանակ համագործակցության ու համակարգման ապահովումը, սպառազինության ու տրանսպորտային միջոցների աշխատունակության ստուգումը»։
Բացի այդ, առաջադրված խնդիրներից մեկն է զորքերի մարտունակությունը ստուգելը, այդ թվում՝ խորը ձյան պայմաններում և սառնամանիքին հրաձգությունը, ձմեռային պայմաններում պատրաստվածության մակարդակի բարձրացումը, դաշտային պայմանների հարմարությունները, տեղակայումը, մատակարարումն ու տեխնիկական ապահովումը, ինչպես նաև՝ հրամանատարության համակարգերի աշխատանքների ապահովումը: Զորավարժություններում կմշակվեն հարձակումները, դեսանտային գործողությունները, օդային գործողությունները, ավիատրանսպորտային և նյութատեխնիկական աջակցությունը:
Շատ թարմ է հիշողությունը, թե ինչով ավարտվեց ադրբեջանաթուրքական վերջին համատեղ զորավարժությունը տարածաշրջանի համար: Թուրքիան և Ադրբեջանը վերջին անգամ համատեղ զորավարժություններ էին անցկացրել հուլիսին` հայ-ադրբեջանական սահմանին սկսված բախումներից մի քանի շաբաթ անց: Բազմաթիվ աղբյուրների պնդմամբ՝ այդ զորավարժություններից հետո Թուրքիան իր սպառազինության և խմբավորումների զգալի մասը թողեց Ադրբեջանում՝ Լեռնային Ղարաբաղի դեմ հարձակողական գործողության նախագծումը և իրագործումը համակարգելու համար:
«168 Ժամ»-ի հետ զրույցում ռուս ռազմական վերլուծաբան Ալեքսանդր Խրամչիխինն ասաց, որ պատերազմից հետո նման ձևաչափով զորավարժության անցկացումը մի քանի խնդիր է հետապնդում: Ըստ նրա՝ նախ Թուրքիա-Ադրբեջան ռազմական առանցքի տվյալ գործելակերպը՝ հաճախակի զորավարժությունները, փորձի փոխանակումը, ինտենսիվ ռազմական համագործակցությունը, հաջողություն ունեցավ պատերազմում, ինչը նշանակալի է՝ ինչպես Ադրբեջանի, այնպես էլ՝ Թուրքիայի համար, որը բավականին հավակնոտ ծրագրեր ունի տարածաշրջանում: Ուստի, նրա խոսքով, սա կրում է՝ ինչպես ուժի ցուցադրության նպատակ՝ զսպելու ու ճնշելու համար քաղաքական և ռազմական հակառակորդներին, այնպես էլ՝ ուղղված է երկու երկրների զինված ուժերի մարտունակության բարձրացմանը:
Վերլուծաբանի խոսքով, սա ուղղված է նաև տարածաշրջանային երկրներին, այդ թվում՝ Հայաստանին, որը եռակողմ պայմանավորվածություններ է ձեռք բերել Ադրբեջանի և Ռուսաստանի հետ, որով Թուրքիան և Ադրբեջանը կարևոր համաձայնություն են ստացել Հայաստանից՝ ունենալ միջանցք Ադրբեջանից դեպի Նախիջևան, և նմանատիպ քայլերն ունեն մահակի ազդեցություն՝ ցույց տալու համար, որ պատերազմի վտանգ միշտ կա: Դրա հասցեատերերից մյուսն էլ, նրա խոսքով, Ռուսաստանն է:
«Պատերազմից հետո Հայաստանի և Ադրբեջանի միջև բազմաթիվ հարցեր են լուծվում, այդ թվում՝ սահմանների, այստեղ ուժի ցուցադրությունն այդ երկրների տեսանկյունից հարկավոր է իրենց համար շահավետ որոշումների համար: Ռուսաստանը բացառիկ դերակատարություն ստացավ պատերազմից հետո տարածաշրջանում, ինչը, թեև համաձայնեցված էր Թուրքիայի և Ադրբեջանի հետ, այնուամենայնիվ Թուրքիայի տեսանկյունից դա բավականին շատ էր, քանի որ Թուրքիան ցանկանում էր ունենալ իր ներկայությունը Ղարաբաղում, ինչը չհաջողվեց, և պարզապես ռուս-թուրքական դիտորդական կենտրոն ձևավորվեց: Թուրքիան ունենալով մեծ խնդիրներ իր հարևան երկրների հետ, ունի նաև հավակնություններ և ուժի ցուցադրության կարիք, որի համար Ադրբեջանի հետ ռազմական համագործակցությունը խորանում է, բազաներ են ստեղծվում, ըստ որոշ տեղեկությունների: Բացի այդ, շատ հարցեր, որոնց Թուրքիան հասնում է խաղաղ ճանապարհով, կիրառում է ուժային բաղադրիչ, ուստի ամեն առումով Անկարա-Բաքու ռազմական առանցքի ցուցադրությունը հաստատում է, որ սա շարունակվելու է և սա միգուցե Էրդողանի մշակած թուրանական բանակի հիմքն է՝ Մեծ Թուրան ծրագրի խորացումն ու շարունակությունը: Կարևոր խնդիր է՝ նման ծրագրեր գծելիս՝ ապահովել դրանց գրավչությունը հնարավոր բոլոր հավակնորդ երկրների համար, աջակցելով Ադրբեջանին, ինչ-որ իմաստով՝ Թուրքիան փորձեց նման խնդիր լուծել և ցույց տալ իր ուժը, իր հետ ռազմական համագործակցության բոլոր դրական կողմերը: Դժվար է պատկերացնել, թե երբ այն իսկապես կդառնա իրականություն, այնուամենայնիվ Անկարան նման համագործակցության հարցում հետաքրքրություն է ցուցաբերում»,- ասաց վերլուծաբանը:
Խրամչիխինի կարծիքով՝ սա ուղերձ է, որ բոլոր երկրներն էապես պետք է բարձրացնեն իրենց անվտանգությունը և ուժեղ դիվանագիտություն ունենան: Հարկ է նշել նաև, որ ամեն դեպքում պատերազմից հետո Ռուսաստանի ռազմական ներկայությունը Հայաստանում և Ղարաբաղում մեծացել է, ինչն անվտանգության հավելյալ բաղադրիչ է հայկական կողմերի համար: «Կարծում եմ՝ անկայուն աշխարհում բոլոր երկրները պետք է մտածեն անվտանգության մասին, իսկ ՀՀ-ն, որը նոր է դուրս եկել պատերազմից, ավելի շատ, որպեսզի վերականգնի իր ԶՈՒ մարտունակությունը, վերացնի պատերազմի հետևանքները և հետևի իր հակառակորդների ռազմական գործունեությանը, ակտիվությանն ու տեղաշարժին: Եթե ամփոփենք, ապա կարելի է ասել, որ բազմաթիվ շերտեր ունի այս համագործակցությունը, որը միտված է ներկա ռիսկերի նվազեցմանն ու ապագային»,- ասաց Խրամչիխինը:
Նյութի աղբյուր՝ https://168.am/2021/01/19/1446793.html