«Այս պարտությունը հնարավոր է եղել ՀՀ համապատասխան գերատեսչությունների հանցավոր անգործության և նաև հանցավոր գործունեության շնորհիվ»,- այսօր ԱԺ-ում ելույթի ժամանակ հայտարարեց անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը:
Նա նշեց, որ ինքն այժմ ուսումնասիրում է ՀՀ ՊՆ նախկին նախարար Դավիթ Տոնոյանի նամակագրական կապերը փոխնախարարների, ռուսական ընկերությունների և մի շարք այլ անձանց հետ:
«Այժմ ուսումնասիրում եմ նամակագրությունը Դավիթ Տոնոյանի և Դավիթ Գալստյանին՝ Պատրոն Դավոյին պատկանող ընկերությունների և ռուսական սպառազինություն արտադրող ընկերությունների միջև: Այդ նամակները բացահայտում են, որ ՊՆ-ն ուղիղ ռուսական ընկերություններից որակյալ և էժան սպառազինություն գնելու փոխարեն նախընտրել է գնել Պատրոն Դավոյին պատկանող օֆշորային ընկերություններից անորակ, ժամկետնանց և մի քանի անգամ թանկ գներով»,- հայտարարեց Բաբաջանյանը՝ հավելելով, որ այս պահին առնվազն 4 քրգործ կա հարուցված Պատրոն Դավիթի և նրան պատկանող ընկերությունների նկատմամբ: