Օրեր առաջ Պաշտպանության նախարարության դարպասները մեքենայով կոտրած Գուրգեն Վարդանյանի անհետ կորած որդու դին հայտնաբերվել է։ Այս մասին ասաց Վարդանյանի փաստաբանը՝ Կարեն Ստեփանյանը։
Անհետ կորած Գոռ Վարդանյանի ծնողները դեռ դեկտեմբերին էին ԴՆԹ անալիզ հանձնել, սակայն միայն անցյալ շաբաթ՝ հունվարի 15-ին է պարզվել, որ գտնված դին նրանց որդունն է։ Գոռ Վարդանյանի հուղարկավորությունը տեղի է ունեցել հունվարի 17-ին։
Հիշեցնենք, որ ՊՆ ռազմական ոստիկանության հաղորդագրության համաձայն՝ հունվարի 10-ին՝ ժամը 21։30-ի սահմաններում, Վարդանյանն իր անձնական օգտագործման «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենայով հարվածել էր ՀՀ ՊՆ վարչական համալիրի հսկիչ անցագրային կետի դարպասներին, կոտրել դրանք եւ մուտք գործել ՊՆ վարչական համալիրի տարածք:
Այնուհետեւ նա մեքենայով կոտրել էր վարչական մասնաշենքի մուտքի դռները եւ մեքենայով մխրճվել շինության մեջ։
Գուրգեն Վարդանյանը ձերբակալվել էր, այնուհետեւ ազատ արձակվել։ Նրա նկատմամբ մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 327.6 հոդվածի 5-րդ մասով (զորամաս կամ հատուկ պահպանվող զինվորական այլ տարածք ապօրինի մուտք գործելը) եւ 258 հոդվածի 4-րդ մասով (խուլիգանություն, որը կատարվել է զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ):