Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողանը ռազմական պուտչիստների «խնամակալության տակ է» եւ շուտով «հեռացվելու է» նրան վերահսկող խմբի կողմից, ասել է Թուրքիայի ընդդիմադիր «Ապագայի կուսակցության» առաջնորդ, նախկին վարչապետ Ահմեթ Դավութօղլուն։
Փորձագետները նշում են ԱՄՆ դեմոկրատ նախագահ Ջո Բայդենի՝ պաշտոնն ստանձնելուց հետո Թուրքիայի հանդեպ ԱՄՆ վերաբերմունքի փոփոխության մասին, ընդ որում, Թուրքիայի կողքին գրեթե մշտապես հիշատակվում է Ռուսաստանը։
ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստին, որտեղ քննարկվում էր Թոնի Բիլնքենին պետքարտուղարի պաշտոնում հաստատելու հարցը, սենատոր Բոբ Մենենդեսն ընդգծել է Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիային Էրդողանի աղաղակող աջակցությունը։ Հղում անելով Ադրբեջանի ագրեսիային Թուրքիայի աջակցությանը, Սիրիայում եւ Լիբիայում Թուրքիայի ապակայունացնող գործողություններին, Կիպրոսի տարածքային ջրեր ներխուժմանը, Հունաստանի բացառիկ տնտեսական գոտու նկատմամբ պահանջներին, սենատոր Մենենդեսը հարցրել է Բլինքենին՝ արդյոք Բայդենի վարչակազմը «պարզ հայացքով է նայելու Էրդողանի Թուրքիային»։
Բլինքենը պատասխանել է․ «Մեր աչքերը պարզ են։ Թուրքիան դաշնակից է, որը շատ հարցերում, ինչպես նշեցիք, չի գործում դաշնակցի պես։ Դա շատ նշանակալի մարտահրավեր է մեզ համար, եւ մենք շատ հստակ գիտակցում ենք դա»։
Լարվածությունն Արեւելյան Միջերկրականում եւ Թուրքիայի հետ հարաբերությունները 2020 թվականին ԵՄ-ի համար ամենամեծ մարտահրավերներից էին եւ, հավանաբար, այդպիսիք կմնան 2021 թվականին, իր բլոգում գրել էր ԵՄ արտաքին քաղաքականության հարցերով հանձնակատար Ժոզեպ Բորելը։ «Իրենց ստեղծման պահից Օսմանյան ու Ռուսական կայսրությունները մեծ հավասարման մաս էին։ Այսօր ակնհայտ է, որ Եվրամիությունը չի կարող մայրցամաքում կայունության հասնել, եթե ճիշտ հավասարակշռություն չգտնի Թուրքիայի ու Ռուսաստանի Դաշնության հետ հարաբերություններում», – ասել է Բորելը։
«Թուրքիայի շարժման ուղղությունը, կարծես, նրան ավելի է հեռացնում ԵՄ-ից։ Դա վերաբերում է նրա ներքին իրադարձություններին, հատկապես հիմնարար ազատություներին, բայց նաեւ Թուրքիայի արտաքին գործունեությանը՝ լինի Սիրիայում եւ Իրաքում, Լիբիայում կամ Լեռնային Ղարաբաղում, որտեղ նրա աջակցությունը հանգեցրեց Ադրբեջանի խոշոր հաղթանակի», – ընդգծել է Ջոզեպ Բորելը։
«ԵՄ ու ՆԱՏՕ-ի անվտանգությունն սկսում է մեր արեւելյան սահմաններից։ Մենք երբեք չենք հրաժարվել ՆԱՏՕ-ի շրջանակում ահաբեկչության դեմ պայքարում համագործակցությունից։ Այդ դեպքում ինչու՞ են ՆԱՏՕ-ի երկրները մեզ մենակ թողնում ահաբեկչության դեմ պայքարում։ Ո՞վ է, Թուրքիայից բացի, պայքարում Իսլամական պետության դեմ», ասել է Էրդողանը։
Ղարաբաղում պատերազմի օրերին Գերմանիայի Բունդեսթագը բանաձեւ էր ընդունել Լեռնային Ղարաբաղում երկարաժամկետ կարգավորման օգտին։ Ի թիվս ամենի, փաստաթղթում նշվում է, որ Կովկասում Թուրքիայի վարած քաղաքականությունը չի նպաստում խաղաղ կարգավորմանը։ «Դրա փոխարեն Թուրքիան Ռուսաստանի հետ առանձին պայմանավորվածությունների միջոցով փորձում է տարածաշրջանում առաջ մղել առանձին կողմերի շահերը», – կարծում են «մեծ կոալիցիայում»։ Բունդեսթագի պատգամավորները Անկարային ու Մոսկվային կոչ են անում չօգտագործել երրորդ երկրներին իրենց քաղաքական շահերին հասնելու համար։
ԱՄՆ փոխպետքարտուղար Ֆիլիպ Ռիկերը պատերազմի ժամանակ ասել էր․ «Մենք չափազանց մտահոգված ենք եւ անհանգստություն ենք հայտնել Թուրքիայի դերի, օտարերկրացի գրոհայինների տեղափոխման, զենքի մատակարարման կապակցությամբ։ Այս հարցերը մտահոգություն են առաջացնում եւ մնում են Թուրքիայի ու Ռուսաստանի հետ մեր երկխոսության մասը»։
Հերթական անգամ Ռուսաստանին այլ երկրների գործերին միջամտելու մեջ մեղադրելու համար Արեւմուտքը պատրաստ է բազմաթիվ առիթներ հորինել, կարծում է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։ «Իբր մենք միջամտել ենք Լեռնային Ղարաբաղում բացառապես այնտեղ Արեւմուտքի դեմ մեր աշխարհքաղաքական դիրքերն ամրապնդելու համար, իբր պայմանավորվել ենք Թուրքիայի հետ այդ տարածաշրջանի բաժանման շուրջ, միայն թե Արեւմուտքը չամրապնդի այնտեղ իր դիրքը»։
Հիշեցնենք, որ Եվրախորհրդարանն անցած տարվա վերջին բանաձեւ էր ընդունել՝ դատապարտելով Թուրքիայի գործողությունները Կիպրոսում եւ ԵՄ-ին կոչ արել կոշտ պատժամիջոցներ ընդունել։ ԵՄ ու Թուրքիայի հարաբերությունները պատմական նվազագույնի վրա են, զգուշացնում է խորհրդաանը։
Այն ժամանակ ԱՄՆ-ն պատժամիջոցներ ընդունեց Թուրքիայի դեմ «Ռոսօբորոնէքսպորտից C-400 գնելու խոշոր գործարքին գիտակցված մասնակցության համար»։
Ագրեսիան, որն իրականացվեց Թուքիայի անմիջական աջակցությամբ, ընդհանուր առմամբ, խախտել է խաղաղությունն ու անվտանգությունը Հարավային Կովկասում, հայտարարել է Հայաստանի ԱԳ նախարար Արա Այվազյանը՝ չհիշատակելով Ռուսաստանը։
Այսօր Արցախի դեմ պատերազմի վերաբերյալ կոշտ բանաձեւ է ընդունել Եվրախորհրդարանը։