Նոթատետրը, գրիչն ու մշակած հարցերս պատրաստ են: Մնում է հավաքվել ու կապի դուրս գալ տիկին Կարինեի հետ: Հարցազրույց վարելու փորձառությունս պարտվում է հույզերիս, փոթորկվում եմ հերթական անգամ. հերոսի մոր՝ 19-ամյա որդի կորցրած կնոջ հետ պիտի զրուցեմ: Տեսազանգը հնչում է, ու էկրանի մյուս կողմում հայտնվում է կապուտաչյա կինը՝ որդեկորույս մայրը, ում աչքերն այնքա՜ն զուլալ են: Այդ աչքերը լուռ բղավում են մաշող կարոտի, անիծյալ պատերազմի մասին: Իսկ երբ տիկին Կարինեն սկսում է խոսել, ձայնի հեծկլտոցը գրեթե մեկ ժամ ցավից քամվող կնոջը հանգիստ չի տալիս:

Պատերազմն ու չթխված հացը

«Սեպտեմբերի 27-ին՝ առավոտյան, պատրաստվում էինք գնալ տղայիս մոտ: Լուրեր չէի լսել, չգիտեի, որ պատերազմ է սկսվել: Մի ամիս առաջ խոզ էինք գնել, որ տանեինք, խորովեինք ու զորամասի բոլոր տղերքին հյուրասիրեինք: Հանկարծ տեգրս եկավ.
- Կարի՜ն, Եփրեմը զանգել ա՞:
- Չէ՛, ինչի՞, ի՞նչ ա եղել:
- Ո՞նց, չե՞ս տեսել՝ պատերազմ ա սկսվել:
- Ո՞նց, դու գիտե՞ս, որ պատերազմ եղավ, առաջինը Եփենց վրա են հարձակվելու:
- Մի՛ վախեցի, Կա՛ր, լավ ա լինելու:
Իր տղան էլ էր Ղարաբաղում: Էլ ոչ մի բան չկարողացա անել, ոչ էլ կարողացա հացս թխել, վերջացնել: Պատերազմ է, Եփրեմս առաջնագծում է… թեւերս թուլացան…
Զանգում էր ամեն օր: Եթե հանկարծ երկու օր չէր զանգում, ամբողջ գիշեր չէի քնում: Մեկ էլ գիշերվա 2-ին կզանգեր.
- Մա՛մ, զանգել եմ, որ չլացես: Անկախ ամեն ինչից, մե՛րս, ի՜նչ ուզում ա լինի, ես քեզ լացելուց չտեսնեմ: Ես հետ կգամ, ամեն ինչ լավ կլինի, մե՛րս:
- Պա՛պ, իրանք մեզ են ջնջում, մենք էլ իրանց ենք ջնջում։
- Ե՛փ, զգո՛ւյշ եղի, բալա՛:
- Մա՛մ, ի՜նչ եմ արել, մենակ իմանաս, կգամ, կպատմեմ:
- Ոչ մի բան չեմ ուզում, արե՛ւս, ոչ էլ քո հերոսությունն եմ ուզում, մենակ դու անփորձանք արի՛, հասի՛ ինձ:
- Բալա՛, գնա՛ դու էլ մի տեղ պախկվի, մի՛ ամեն ինչի մեջ ընկի, ինչո՞վ եք կռվելու դրանց ԱԹՍ-ների դեմ:
- Մա՛մ, սրանք արնախում են, դու չես պատկերացնի՝ սրանք ինչ են: Իմ սիրտը կկանգնի, որ սրանք գան, հասնեն ձեզ, իմ քրերին, իմ մորը մատով կպնեն: Ավելի լավ ա ես մեռնեմ, քան դա տեսնեմ:

Արագաշարժ տանկիստը

Երբ տղես զոհվեց, Եփիս հրամանատարը եկավ մեր տուն: Ասում էր․ «Ես 20 տարի տանկ եմ քշում, բայց Եփրեմն ինձնից արագ ու լավ էր քշում»: Ասեց՝ գալու են, արիության կոչում տան, բայց ես չեմ ուզում, ես իմ էրեխին եմ ուզում: Ո՛չ իր արիությունն եմ ուզում, ո՛չ իր հերոսությունները…
Եփրեմը մի օր շրջափակման մեջ է մնում: Հրաման են տալիս, որ տանկը թողնի, հետ գա: Եփը տանկը չի թողնում, ասում է․ «Ավելի լավ ա կյանքս տամ, քան թե իմ տեխնիկան թշնամուն թողնեմ»: Ասկոլկան խփում է, ականջի կողքով անցնում, դնում է սրտի մոտ, ասում է․ «Գնալու եմ տուն, մամային ցույց տամ: Ասեմ՝ մա՛մ ջան, էս կարար խփեր իմ գլխին, բայց ես փրկվել եմ հրաշքով»: Շրջափակումից հետո, ասում են, մեկ էլ տեսանք՝ Եփրեմի տանկը գալիս ա, մնացել էինք շշմած․ «Արա՛, թո՛ղ դու գայիր, տանկն ինչի՞ ես բերել»: «Յա՛, բա ես առանց տանկ ո՞նց գայի, բա մենք ինչո՞վ կռվենք դրանց դեմ»:
Հրամանատարը պատմում էր․ «Եկել, կողքերս ֆռֆռում էր.
- Գնում եմ՝ տանկ բերեմ, դրանք ո՞վ են, որ տանկ ունենան, մենք չունենանք:
- Ա՛յ տղա, ո՞նց ես գնալու:
- Չէ՛, գնում եմ:
- Դե՛, ես էլ եմ գալիս: Գնացինք, թուրքի քթի տակից տանկը քշեց, առանք, եկանք»:

Ինչո՞ւ մենակ թողեցիր

Որ ասում էի՝ պախկվի, ասում էր․ «Մա՛մ, դու ինձ էդպես չես դաստիարակել, ես քեզ պիտի պաշտպանեմ»… իսկ ես իրեն չկարողացա պաշտպանել, չկարողացա փրկել: Վիրավոր բերեցին Հայաստան, չկարողացանք գտնել. ուրիշ անուն-ազգանունով էին բերել: 6 օր ման եկանք, հետո մորգից գտանք…

Շատ սիրուն էր իմ տղեն՝ կապուտաչյա, շեկ: Մեր գյուղի համար Եփիս մահը շատ մեծ ցավ էր: Չկար մեկը, որ չսգար: Ասում են՝ չենք հավատում, որ էն սիրուն, լուսավոր, համեստ էրեխեն էլ չկա: Ես էլ չեմ հավատում: Նկարի հետ խոսում եմ, ասում եմ․ «Բա՛լ, դու ինձ երբեք չէիր թողնի մղկտալով, ես գիտեմ՝ մի օր դու գալու ես»: Ես սպասելու եմ՝ անկախ ամեն ինչից, ես ամեն վայրկյան իր զանգին սպասում եմ, ամեն պահ մեր դուռը բաց է: Ես, ճիշտ է, իրեն տեսել եմ մահացած (իմ էրեխի դեմքը ոչ մի հատ չէր փոխվել, շատ սիրուն էր իմ բալեն, ոնց որ քնած լիներ), բայց, մեկ է, չեմ հավատում, մեկ է, սպասելու եմ, ես գիտեմ՝ կա՛մ մի օր ես կգնամ իր մոտ, կա՛մ ինքը կգա: Իմ միակ մխիթարությունը դա է: Ուղղակի Աստծուն խնդրում եմ՝ մի՛ թող ինձ տանջվելով, ինչքան կարող ես, շո՛ւտ տար բալիս մոտ, ես չեմ կարող առանց բալիս:

Երանի՜ գար
Իր շատ մոտ ընկերն էլ զոհվեց՝ Թաթուլը: Կա՛մ մեր տանն էին, կա՛մ՝ իրենց: Դասից գալիս էին իրար հետ, ճամփին զանգում էր․ «Մա՛մ, մի հատ խաչապուրի քցի դուխովկեն, հեսա հասնում ենք»: Հիմա որ գնում ենք գերեզմանոց, Թաթուլի մայրն ասում է․ «Երանի մի անգամ էլ զանգեին, ասեին՝ գալիս ենք… բայց, մեկ է, չեն գալու. ո՛չ Եփն է գալու, ո՛չ Թաթուլը…»։

Երանի՜ գար, ոնց որ միշտ՝ թեւը գցեր վիզս, նստեր, սկսեր պատմել… Էդ լուսավոր էրեխեն ո՞նց կարող էր գնալ, պառկել հողի տակ: Չեմ կարողանում հարմարվել իր մահվան հետ, չե՜մ կարողանում… օրվա մեջ փախչում եմ, գնում գերեզմանին, տղիս հետ խոսում եմ, հանգստանում, գալիս եմ տուն, հետո նորից՝ ամեն օր: Արդեն երեք ամիս Եփս չի զանգում… չի զանգում ասի․ «Մե՛րս, դուխդ չքցես, դու միշտ պիտի ժպտաս, քեզ չտեսնեմ լացելուց»… բայց ամենաշատ արցունքն ինքն ինձ տվեց:

Ամեն վայրկյան Եփրեմն ինձ հետ է, ամեն վայրկյան իր բառերն եմ հիշում… ախր, շա՜տ լավն էր Եփս, երեւի Աստծուն էդպիսի հատուկներն էին պետք, դրա համար տարավ…
Ասում են՝ հպա՛րտ եղիր, որ հերոսի մայր ես: Ինչո՞վ հպարտ լինեմ: Ի՞նչ անեմ այդ հերոսի կոչումը, ի՞նչ է տալու դա ինձ. իմ էրեխուն հետ չի՜ բերելու: Ես մենակ իմ էրեխուն եմ ուզում»:

Ուշացած 6-րդ օրը

Եփրեմը վիրավորում է ստացել հոկտեմբերի 19-ին: Ստեփանակերտում վիրահատվելուց հետո՝ հոկտեմբերի 20-ին, տեղափոխվել է «Աստղիկ» ԲԿ: Անվանումը սխալ գրված լինելու պատճառով ծնողները երկար որոնումներից հետո նրան գտել են 6-րդ օրը, բայց արդեն՝ դիահերձարանում.
«Բոլոր հիվանդանոցներում, ՊՆ-ում բարդակ վիճակ էր: Երկու անգամ գնացել եմ ՊՆ: Խնդրել եմ, աղաչել եմ, ասել եմ՝ էրեխուս գտեք: Դուք չե՞ք կարող կապ տալ, տեսնել՝ ինչ շտապօգնության մեքենա են դրել իմ էրեխուն: Պատասխանում էին․ «Տիկի՛ն, Արցախի Հանրապետությունն է, մենք իրավասու չենք»: Ո՞նց, բա այդ դեպքում իմ էրեխուն ինչո՞ւ եք տարել Արցախի Հանրապետություն: Բոլոր հիվանդանոցներում ասում էին՝ բոլոր անգիտակից զինվորներն անուն ունեն: Աղաչում էի՝ թույլ տվեք ներս գամ, գուցե սխալմունք կա, իմ էրեխեն գուցե ձեզ մոտ է: Բայց, չէ՛, մերժում էին: Հետո ամուսնուս ընկերը Եփրեմիս նկարը գցեց ՖԲ, մի աղջիկ արձագանքեց, որ նման հիվանդ կա «Աստղիկ» ԲԿ-ում: Սակայն արդեն ուշ էր: Եփրեմն արդեն 2 օր դիահերձարանում էր:
Երբ Եփրեմին գտանք, «Աստղիկի» բժիշկներին ասում էի՝ բա ես 1000 անգամ ձեզ մոտ եղել եմ, թողեիք՝ նայեի, իմ էրեխուն ճանաչեի:

Հիմա էլ ասում են՝ Եփրեմն Արցախո՛ւմ չի անմիջապես մահացել, պիտի պարզենք՝ ինչո՛ւ է մահացել: Բա արժե՞ր, որ իմ էրեխեն գնար, նման կառավարության համար կյանքը տար»:
ՀԳ. Հարությունյան Եփրեմ Դավթի՝ ծնված 2001 թվականին, Կոտայքի մարզի Սոլակ գյուղում: 2019 թ․ հուլիսի 4-ին զորակոչվել է բանակ: Զոհվել է 2020 թվականի հոկտեմբերի 21-ին:

https://hraparak.am/post/755f65954af3d24dcaf83ef8dce486e5