Մամուլը նկատել է, որ Փաշինյանի թիկնազորում հայտնվել են դիմակավորված անձինք։ Մամուլում ավելի վաղ տեղեկություններ սպրդեցին, որ դրանք կարող են ՀԱՊԿ-ի «սպեցեր» լինել, ովքեր խոսում են հայերեն։ Ի դեպ, Հադրութի շրջանի բնակավայրերում պատերազմի դեռ առաջին օրերին հայտնվել էին քաղաքացիական հագուստով, հայերեն խոսող զինված ինչ որ անձինք եւ բնակչությանը հորդորում էին լքել տները։
ՀԱՊԿ վեհաժողովին Պուտինն անվերապահ աջակցություն հայտնեց Նիկոլ Փաշինյանին եւ ՀԱՊԿ երկրների նախագահներին հորդորեց օգնել նրան։ Միեւնույն ժամանակ, ռուսական ու հայկական հնարավոր բոլոր տեսակի մեդիաներով, այդ թվում հատուկ ծառայությունների տելեգրամ ալիքներով, շարունակվում է Փաշինյանի դեմ քարոզչությունը հիմնականում երկու՝ պատերազմի եւ դրա արդյունքների ողջ պատասխանատվությունը նրա վրա բարդելու, Ռուսաստանին լիովին «մաքրելու» եւ պատերազմի ու դրա հետեւանքների Բաքվին ու Մոսկվային ձեռնտու վարկածը պահելու ուղղություններով։
Ո՞րն է մի ձեռքով Փաշինյանին պահելու, մյուս ձեռքով նրա դեմ չդադարող քարոզչությունը գեներացնելու պատճառը։ Ինքը Նիկոլ Փաշինյանը լռում է, չնայած ծանրագույն մեղադրանքներին, իսկ այդ մասին հարցին խորհրդարանում պատասխանել էր, որ իր խոսելը կարող է վտանգել գերիների կյանքը, այդպիսով ակնարկելով, որ գտնվում է շանտաժի ու հարկադրանքի տակ։ Մյուս կողմից, պետք է նկատել, որ անկախ դրանից՝ այդ քարոզչությունն արդեն ճաքեր է տալիս ու կորցնում իր պատճառա-հետեւանքային տրամաբանական գիծը բազմաթիվ հակասությունների, ի հայտ եկող նոր իրողությունների եւ պատերազմին հանրային մեծ շերտերի մասնակցության հանգամանքներով։
Նիկոլ Փաշինյանն իր իմիջով, կամակատար կառավարությամբ ու խորհրդարանով պարզապես գտածո է Պուտինի համար՝ նրա քաղաքական, կադրային ծանծաղ որոշումների, պետականության հարցում անորոշ պատկերացումների ուժով: Իրավիճակն ամբողջական է դառնում 17-ի քաղաքական խմբերով, որոնք անմնացորդ նվիրում են հայտնել Պուտինին ու նրա ծրագրերին, կատարելով նաեւ Փաշինյանի ներքին մահակի դերը:
Լռություն եւ լոյալություն մոսկովյան ծրագրերին իշխանության ու անձնական անվտանգության դիմաց՝ Պուտին-Փաշինյան այս գործարքը կարող է հիմնված լինել «ընդհանուր գաղտնիքի» վրա, երաշխիքների ու զսպումների համալիրով։ Չի բացառվում, որ Պուտինը նաեւ պարտք է Փաշինյանին «ինչ որ մի դրվագ»։ Այս վերջինը շատ հետաքրքիր կլիներ։