«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
2020 թվականը Հայաստանի համար ծանր տարի ստացվեց. մարտից Հայաստանն ու աշխարհը փոթորկեց կորոնավիրուսը, իսկ սեպտեմբերից էլ խնդիրներ առաջացրեց 44-օրյա պատերազմը:

Եվ դա նաեւ պատճառ հանդիսացավ, որ 2020 թվականի պետական բյուջեի նախագիծը փոփոխությունների ենթարկվեց: Եվ, ահա, 2021 թվականն արդեն մեկնարկել է, եւ «Ժողովուրդ» օրաթերթը ներկայացնում է, թե ինչ արդյունքներով է Հայաստանը փակել 2020 թվականը, եւ թե որ գերատեսչությունը որտեղ է թերացել: Օրինակ՝ նախագահի աշխատակազմը թերացել է «Հանրապետության նախագահի աշխատակազմի տեխնիկական հագեցվածության բարելավում» դրույթն իրականացնելիս եւ կատարողականը կազմել է 78.48 տոկոս, Ազգային ժողովի պարագայում այս նույն կետի կատարողականը կազմում է 74.90 տոկոս:


Վարչապետի աշխատակազմը չի կատարել «Աջակցություն քաղաքական կուսակցություններին, հասարակական կազմակերպություններին եւ արհմիություններին» դրույթն ու «Պետական կառավարման գործընթացներին քաղաքացիական հասարակության մասնակցության ապահովում» դրույթը, իսկ, ահա, «Պետական սեփականություն հանդիսացող կառույցների ու տարածքների պայմանների բարելավման ապահովում» դրույթը կատարել է 62 տոկոսով:

Համավարակով եւ պատերազմով պայմանավորված՝ տնտեսվել են արտասահմանյան պատվիրակությունների համար նախատեսված ծախսերը, եւ կատարողականը կազմել է 39 տոկոս: ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը թերացել է «Սեւանա լճի ջրածածկ անտառտնկարկների մաքրում» ծրագիրն իրագործելիս՝ ցույց տալով 29.38 տոկոս կատարողական:


Նկատենք, որ բյուջեի կատարողականում մեծ տեղ են գրավում կորոնավիրուսի եւ պատերազմի հետեւանքների չեզոքացման ծրագրերը, որոնցից շատերը դեռ ընթացքի մեջ են:

Ավելի մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։