ՀԺ-ի տեղեկություններով՝ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ներսում շրջանառվում է Սահմանադրության փոփոխությունների մի նախագիծ, որի ընդունվելու պարագայում Ազգային ժողովը կարող է ինքնալուծարվել:

Փոփոխության բնույթը Սահմանադրության 92-րդ հոդվածում այնպիսի լրացում կատարելն է, որի համաձայն՝ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունն անցկացվում է նաև Ազգային ժողովի առնվազն երեք հինգերորդով ընդունված որոշմամբ Ազգային ժողովի արձակվելու դեպքում:


Առաջարկվում է նաև ամրագրել, որ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունն անցկացվում է Ազգային ժողովի արձակվելուց ոչ շուտ, քան քառասուն, և ոչ ուշ, քան հիսունհինգ օր հետո (գործող կարգավորման մեջ ընտրությունն անցկացվում է ոչ շուտ, քան երեսուն, եւ ոչ ուշ քան քառասունհինգ օր հետո):

Գործող Սահմանադրությամբ խորհրդարանական արտահերթ ընտրություն նշանակվում է միայն այն դեպքում, երբ վարչապետի հրաժարականից հետո 2 անգամ 7-օրյա ժամկետում Ազգային ժողովը պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ չի ընտրում նոր վարչապետ:

Ընդդիմադիր խմբակցությունները չեն համաձայնում Փաշինյանի հրաժարականի պարագայում նոր թեկնածու չառաջադրել, ինչը տեսականորեն նշանակում է, որ Փաշինյանի հրաժարականից հետո ԱԺ-ն այլ վարչապետ կարող է ընտրել: