«Գազի սակագնի թանկացման հետևանքները մեղմելու համար ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի խոստացած 30 տոկոսով սուբսիդավորումը այդպես էլ իրականություն չի դառնում։ ՀՀ Էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարար Արմեն Մովսիսյանը լրագրողների հետ զրույցում դեռ մայիս-հունիսին մի քանի անգամ ասել էր, որ մինչև հուլիս իրենք կավարտեն բանակցություններն ու տեղյակ կպահեն, թե ինչ միջոցներով և որքան ժամանակ են սուբսիդավորելու բնակչությանը։
Արդեն թևակոխել ենք օգոստոս ամիսը, բայց սուբսիդավորման մասին իշխանությունները համառ լռություն են պահպանում։ ՀՀ Էներգետիկայի նախարարության մամուլի խոսնակ Լուսինե Հարությունյանը, «Ժողովուրդ»–ի հարցին ի պատասխան, ասաց, թե բանակցությունները դեռ ընթացքի մեջ են. «Նորություն լինելուն պես նախարարությունը կտեղեկացնի»։ Ըստ «Ժողովուրդ»–ի աղբյուրների՝ սուբսիդավորման հարցով բանակցությունները, հնարավոր է, ավարտվեն Սերժ Սարգսյանի՝ օգոստոսի կեսերին Մոսկվա կատարելիք այցի ժամանակ։ Թեև չի բացառվում, որ ինչ-ինչ հանգամանքներից ելնելով՝ հարցի լուծումը դեռ երկար ձգձգվի։ Իսկ թե ինչի հաշվին է սուբսիդավորվելու անցնող օրերին սպառված գազի գինը, տակավին անհայտ է մնում»,–գրում է թերթը։