Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի անձնագրային ծառայության ղեկավար Գարիկ Երանոսյանն իր մասնագիտական պարտականությունները թերի է կատարում, նա աշխատում է սիմպատիաներով, գրում է «Ժողովուրդ» թերթը:
«Օգոստոսի 6-ին Վարդենիսի Այրք համայնքի բնակիչ Սեդա Վարդանյանն ամուսնու հետ միասին գնացել է Վարդենիսի անձնագրային ծառայություն, որպեսզի անձնագիրը փոխի եւ գա մայրաքաղաք՝ վիրահատության, սակայն անձնագրային ծառայության ղեկավար Գարիկ Երանոսյանը հրաժարվել է իրականացնել իր պարտականությունները: «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ նա ասել է. «Ես չեմ փոխելու անձնագիրը: Ես ձեր գյուղապետի հետ խնդիր ունեմ, մերն անձնական հարց է: Եթե ուզում ես անձնագիրդ փոխեմ, դա կանեմ մեկ պայմանով, եթե Այրք գյուղի գրանցումից դուրս գաք»:

 «Ժողովուրդ»-ն ահազանգն ստանալուց հետո կապվել է ՀՀ ոստիկանության անձնագրերի եւ վիզաների վարչության պետ Սարգիս Մուրադխանյանի հետ նրան տեղեկացնելու իր ենթակայի վարքի մասին: Վերջինս ասել է. «Նման բան չի կարող լինել: Նա գլուխը քարովն է տվել, քարն էլ՝ գլխովը: Ո՞նց նման բան կանի»:

 Եւ որպեսզի հասկանալի լինի, թե ինչն է եղել Գ. Երանոսյանի նման վարքագծի պատճառը, տեղեկացնենք, որ նա Վերին Շորժա համայնքի ղեկավար ԱՐտյոմ Երանոսյանի որդին է: ՈՒ ՀՀ տարածքային կառավարման նախարարությունը Այրք, Վերին եւ Ներքին Շորժա համայնքների ղեկավարներին տեղեկացրել է, որ առաջիկա տարիներին հնարավոր է, որ համայնքների խոշորացման շրջանակներում միավորվեն՝ դառնալով մեկ համայնքը: Ու հիմա այդ երեք գյուղերի ղեկավարների միջեւ իսկական թշնամանք է հասունացել»,-գրում է թերթը: