Աղի բլիթի տոնը այս տարի կնշվի հունվարի 30-ին։ Այս մասին araratnews.am թղթակցի հետ զրույցում ասաց Երուսաղեմի Ժառանգավորաց վարժարանի դպիր Զորի Կարապետյանը։
«Այս տարի տոնը կնշվի հունվարի 30-ին։ Աղի բլիթը պետք է ուտել հունվարի 29-ի երեկոյան։ Սուրբ Սարգսի տոնը սահմանվել է Առաջավորաց պահքի շաբաթ օրը, այն նշվում է Սուրբ Զատկից 63 օր առաջ՝ սովորաբար հունվարի 18-ի և փետրվարի 23-ի միջակայքում»,- հավելեց Ժառանգավորաց վարժարանի դպիր Զորի Կարապետյանը, միաժամանակ նշելով, թե միֆը, իբր աղի բլիթը պետք է թխի այրի կինը և ուտելուց առաջ չի կարելի օգտագործել սնունդ և ջուր խմել, չի համապատասխանում իրականությանը։ «Բլիթը կարող է թխել ցանկացած անձ, սովորաբար այդ գործը տալիս են ամուսնացած բազմազավակ և երջանիկ մայրերին։ Իսկ եթե ուզում ես շատ ծարավանալ և երազումդ տեսնել քո ասպետին, պետք է ամբողջ օրը ջուր չխմել»,- ասաց Զորի Կարապետյանը։
Սիրո և երիտասարդների բարեխոս Սուրբ Սարգսի տոնը հայ Առաքելական Սուրբ եկեղեցին տոնում է ամեն տարի։ Ավանդության համաձայն՝ այդ օրը պատրաստում են փոխինձից գնդիկներ, հալվա, թխում են փախլավա, մատաղ են անում և բաժանում դրացիներին։ Այդ օրը նաև տան տանիքին կամ պատշգամբում փոխինձ կամ ալյուր պետք է դնել և սպասել, թե երբ սուրբ Սարգիսը կթողնի իր ձիու պայտի հետքերը։ Ըստ ավանդույթի՝ այն մարդը, ում ափսեում շաղ տված ալյուրի կամ փոխինձի միջով կանցնի սուրբը, սպասվում է մեծ հաջողություն։
Տոնը նվիրված է սուրբ Սարգիս զորավարին։ Վարքաբանական գրականության մեջ սուրբը հիշատակվում է որպես IV դարի զորավար, որն օգնել է կարիքավորներին, պայքարել հանուն քրիստոնեության և նահատակվել:
Աղի բլիթը քրիստոնեական տեսանկյունից որևէ նշանակություն չունի, այն զուտ ավանդական տոն է և հոգևոր խորհուրդ չունի։ Այդ գաղափարախոսությունը ավելի շատ աղանդավորական շեղվածություն է տալիս, բայց որպես ավանդույթ նշվում է մեծ ծիսակատարությամբ։
Ըստ Գրիգոր Լուսավորչի հաստատած տոնի, Մեծ պահքից երկու շաբաթ Առաջավորած պահք պետք է պահել առավելագույն խստությամբ։ Հետևել պահքին, աղոթքին, ծոմին, զսպել ինքդ քեզ ու քո ցանկությունները, որպեսզի չմեղանչես։ Պահքից երկու շաբաթ հետո ուտիք և արդեն Մեծ պահք։