ՀՀ ազգային անվտանգության ծառայության համապատասխան ստորաբաժանումների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական համալիր միջոցառումների արդյունքում ձեռք են բերվել բավարար փաստական տվյալներ ՀՀ Արագածոտնի նախկին մարզպետի, նրա եղբոր՝ ՀՀ Ազգային ժողովի նախկին «Հայաստանի Հանրապետական կուսակցություն» խմբակցության պատգամավորի եւ Կաքավաձոր համայնքի նախկին ղեկավարի կողմից առերեւույթ չարաշահումներ կատարելու, ինչպես նաեւ նախնական համաձայնությամբ, խաբեության եղանակով առանձնապես խոշոր չափերով պետական միջոցների հափշտակություն կատարելու վերաբերյալ: Այս մասին հաղորդագրություն է տարածել Հայաստանի ԱԱԾ-ն:
Հաղորդագրության մեջ նաեւ ասվում է. «Մասնավորապես՝ Ս.Ս.-ն ՀՀ նախագահի 1997 թվականի մայիսի 6-ի՝ «ՀՀ մարզերում պետական կառավարման մասին» ՆՀ-728 հրամանագրի համաձայն, ՀՀ կառավարության 2009թ. մայիսի 29-ի թիվ 573-Ա որոշմամբ նշանակված լինելով որպես ՀՀ Արագածոտնի մարզպետ եւ հանդիսանալով գործադիր իշխանության ներկայացուցիչ, օրենսդրությամբ իրեն վերապահված լիազորությունների շրջանակում լիազորված լինելով ապահովել Հայաստանի Հանրապետության օրենքների, Նախագահի հրամանագրերի, կարգադրությունների, կառավարության եւ վարչապետի որոշումների, ինչպես նաեւ այլ նորմատիվ իրավական ակտերի կատարումը, ինչպես նաեւ օրենսդրությամբ սահմանված կարգով վերահսկողություն իրականացնել մարզի տարածքում հողաշինարարության, հողօգտագործման եւ հողի պահպանման նկատմամբ, կանխել, կասեցնել եւ վերացնել ապօրինի հողօգտագործումը, մշտապես հանդիսանալով իշխանության ներկայացուցչի գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ, ի պաշտոնե տեղյակ լինելով Հյուսիս-հարավ միջանցքի շինարարության իրականացման ծրագրի մասին, որն անցնելու է նաեւ Մ-1 Երեւան-Գյումրի-Վրաստանի սահման միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհով, այդ թվում՝ նաեւ Արագածոտնի մարզի Կաքավաձոր համայնքի վարչական տարածքով, անտեսելով ՀՀ կառավարության 2009թ. օգոստոսի 6-ի թիվ 968-Ա որոշման պահանջները, այն է՝ «Հյուսիս-հարավ միջանցքի շինարարության իրականացման նպատակով՝ հանձնարարել ՀՀ համապատասխան մարզպետներին եւ առաջարկել համայնքի ղեկավարներին կասեցնել Մ-1 Երեւան-Գյումրի-Վրաստանի սահման եւ միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների պաշտպանական գոտիներում եւ օտարման շերտերում շինարարության իրականացման եւ հողահատկացման գործընթացը», նախնական համաձայնության գալով տվյալ ժամանակ տեղական ինքնակառավարման մարմնում՝ Կաքավաձոր համայնքի ղեկավարի պաշտոնը զբաղեցնող Ս.Մ.-ի եւ եղբոր Ն.Ս.-ի հետ, խաբեության՝ հողամասի նպատակային նշանակության փոփոխման եղանակով դրա կադաստրային արժեքը արհեստականորեն բարձրացնելու եւ հետագայում նույն հողամասը պետությանը զգալիորեն բարձր գնով վաճառելու նպատակով, խեղաթյուրելով Ն.Ս.-ի կողմից դեռեւս 2005թ. Կաքավաձոր համայնքից աճուրդ-վաճառքով 35.200 ՀՀ դրամով գնված 7800մ2 մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողատարածքի գործառնական նշանակության տեսակը, նպատակ ունենալով նշված հողատարածքն անհամեմատ բարձր գներով վաճառելու ՀՀ-ի անունից հանդես եկող «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք ներդրումային ծրագիր իրականացնող կազմակերպություն» ՊՈԱԿ-ին:
Նա, իր գիտությամբ եւ հովանավորչությամբ թույլատրել է եղբորը՝ ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Ն.Ս.-ին 2009թ. օգոստոսի 6-ից հետո իրականացնել ապօրինի շինարարական աշխատանքներ, նշված գյուղատնտեսական նշանակության հողատարածքի վրա կառուցել ինքնակամ շինություններ, ապա ի պաշտոնե ազդելով համայնքի ղեկավարի վրա, դրդել է վերջինիս չարաշահել պաշտոնեական լիազորությունները, մասնավորապես՝ խախտել ՀՀ կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի թիվ 912-Ն «Ինքնակամ կառուցների օրինականացման եւ տնօրինման կարգը հաստատելու մասին» որոշման պահանջները, առանց սահմանված կարգով կազմված ճարտարապետահատակագծային առաջադրանքի նախագծի, համաձայնեցված իրադրության հատակագծի, 2010 թվականի հունվարի 22-ի համապատասխան որոշմամբ օրինական ճանաչել կառուցված 683,8 քմ մակերեսով ինքնակամ շինությունները, օրինական ճանաչված հասարակական շինության զբաղեցրած 0,78 հա հողատարածքի նպատակային նշանակությունը փոխել եւ դարձնել հասարակական կառուցապատման, ինչպես նաեւ որոշման մեջ կեղծ տեղեկություններ ներառել այն մասին, որ ինքնակամ կառուցված շինությունները կառուցված չեն ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման անվտանգության գոտիներում, որը հիմք է հանդիսացել պետական գրանցման համար:
Այնուհետեւ, շարունակելով իր հանցավոր մտադրության իրականացումը, Ս.Ս.-ն եղբորը համասեփականությամբ պատկանող հողատարածքը ներառելով ՀՀ կառավարության 2010թ. մայիսի 27-ի թիվ 931-Ն որոշմամբ սահմանված «Հյուսիս-հարավ միջանցքի ներդրումային ծրագրի շրջանակներում ՀՀ վարչական սահմաններում գտնվող որոշ տարածքներում բացառիկ՝ գերակա հանրային շահ ճանաչելու մասին» օտարման ենթակա տարածքների ցանկում, իրական հնարավորություն է ստեղծել այն ձեռք բերված արժեքը զգալիորեն գերազանցող գումարով վաճառելու եւ այդ կերպ խարդախությամբ պետական միջոցներից հատկացված առանձնապես խոշոր չափերի գումարները հափշտակելու մտադրությունն իրագործելու համար, ինչից օգտվելով Ն.Ս.-ն 2013թ. դեկտեմբերի 3-ին «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք ներդրումային ծրագիր իրականացնող կազմակերպություն» ՊՈԱԿ-ի հետ կնքել է հասարակության եւ պետության կարիքների համար սեփականության օտարման վերաբերյալ պայմանագիր, որի արդյունքում 35.200 ՀՀ դրամ աճուրդ-վաճառքով գնված հողատարածքը վաճառվել է 139.923.733 ՀՀ դրամով՝ այդ կերպ խարդախությամբ հափշտակելով առանձնապես խոշոր չափերի՝ 139.888.533 ՀՀ դրամի չափով գումարը:
Պաշտոնատար անձանց եւ համայնքապետարանի աշխատակիցների նշված գործողությունների հետեւանքով ոչ միայն խաթարվել է պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների բնականոն գործունեությունը, այլեւ չեն ապահովվել կառավարության որոշման պահանջների կատարումը, որպիսի գործընթացները իրականցվել են ՀՀ օրենսդրության պահանջների կոպիտ խախտումներով, որը պետության համար առաջացրել է ծանր հետեւանքներ, այն է՝ կադաստրային արժեքի համեմատ առանձնապես խոշոր չափերի 139.888.533 ՀՀ դրամ ավել գումարի չափով գույքային վնաս է պատճառվել պետության օրինական շահերին:
Կատարած հանցավոր արարքների համար Ս.Ս.-ին եւ Ն.Ս.-ին մեղադրանքներ են առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով եւ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություններ են ներկայացվել Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան:
Նույն գործի շրջանակներում պաշտոնեական լիազորությունները չարաշահելու եւ առանձնապես խոշոր չափերով խարդախությանն օժանդակելու կասկածանքով հարցաքննվել է նաեւ Կաքավաձոր համայնքի ղեկավարը, ով տվել է խոստովանական ցուցմունքներ:
Ձեռնարկված անհետաձգելի քննչական գործողությունների արդյունքում Ն.Ս.-ի բնակարանում կատարված խուզարկությամբ հայտնաբերվել եւ առգարվվել են սեփականության իրավունքի գրանցման բազմաթիվ վկայագրեր:
Քրեադատավարական թույլատրելի գործիքակազմի կիրառմամբ ձեռնարկվում են ակտիվ միջոցառումներ՝ հանցավոր սխեմայում ներգրավված անձանց ամբողջական շրջանակը պարզելու, նրանցից յուրաքանչյուրի արարքն անհատականացնելու եւ պետությանը պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնելու ուղղությամբ: