Դավիթ Տոնոյանն ընդունում է, որ թերի են գնահատվել Թուրքիայի անմիջական ներգրավման ռիսկերը. հավանաբար չեն լսել թուրք պաշտոնյաների և քաղաքական գործիչների հայտարարությունները, ֆեյսբուքյան իր էջում գրել է «Ազգային օրակարգ» կուսակցության գործադիր քարտուղար Արա Գասպարյանն՝ անդրադառնալով ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի՝ «Մեդիամաքս»-ին տված հարցազրույցին:

«1920 թվականին Կարսի հանձնման ժամանակ ինքնասպան եղան հայ սպաներ գնդապետներ Մազմանյանը, Մելիք-Հովսեփյանը, Բագրատունին և հազարապետ Չիլինգարյանը։ Թերևս նրանց մտքով չէր անցել հարցազրույցներ տալ և հիմնավորել, թե ինչու Կարսը հնարավոր չէր պահել, և որ իրենք ոչ մի պատասխանատվություն այդ հարցում չէին կրում կամ էլ միգուցե իրենցից յուրաքանչյուրն իր գործողություններում մի թեթև թերացել է։


100 տարի անց կրել ենք ծանր քաղաքական-ռազմական պարտություն, իսկ նախկին պաշտպանության նախարար Տոնոյանը հայտարարում է, որ մենք չհասցրեցինք պատրաստվել «անհպում պատերազմին՝ հինգերորդ սերնդի սպառազինության կիրառմամբ»։ Այստեղ առանցքային փաստարկը «չհասցնելն» է։ Ի դեպ հին փաստարկ է՝ պատերազմին պատրաստվելուն «չհասցնելով» էր խորհրդային պրոպագանդան արդարացնում Հայրենական մեծ պատերազմի սկզբնական փուլում Կարմիր բանակի խայտառակ պարտությունները։ Չհասցրեցիք, թե անգործություն դրսևորեցիք, թե երկուսն էլ միասին՝ այն էլ միտումնավոր։ Բայց կարծեմ թե հասցրեցիք հսկայական գումարներ ուղղել հնացած հակաօդային պաշտպանության միջոցներ և առանց սպառազինության ինքնաթիռներ գնելուն։

Տոնոյանն ընդունում է, որ թերի են գնահատվել Թուրքիայի անմիջական և վարձկանների զանգվածային ներգրավման ու մեզ ռազմամթերքի մատակարարման ուղիների ամբողջական արգելափակման ռիսկերը։ Զարմանալի անկեղծություն։ Հավանաբար չեն լսել թուրաքական տարբեր տրամաչափի պաշտոնյաների և քաղաքական գործիչների հայտարարությունները, դե լրատվամիջոցներն էլ ադրբեջանա-թուրքական ռազմական համագործակցության մասին նյութերը տեղադրում էին հին շումերերենով։ Այնինչ ակնհայտ էր, թե ինչ ծավալներով ու մարտավարական եղանակներով են թուրքերն օգտագործում և օգտագործելու տարատեսակ վարձկան գրոհայինների, իսկ մատակարարման ուղիների հարցով նախապես աշխատել էր պետք, այլ ոչ թե կանխատեսումներ անել։

Պաշտպանության նախկին նախարարը փորձում է իրեն տարանջատել պատերազմից՝ նշելով, որ 2015 թվականին ընդունված նոր Սահմանադրությամբ պատերազմի ժամանակ պաշտպանության նախարարը փաստացի դուրս է մնում ռազմական գործողությունների պլանավորման և վարման գործընթացից, քանի որ այդ լիազորությունները վերապահվում են Գերագույն հրամանատարին և Զինված ուժերի գլխավոր շտաբի պետին։ Այստեղ հարկ է մի փոքր հստակություն մտցնել. իրավական տեսանկյունից Հայաստանում ոչ թե պատերազմ է հայտարարվել, այլ ռազմական դրություն է մտցվել։ Սրանք տարբեր իրավական ռեժիմներ են, ուստի ռազմական դրություն հայտարարելուց հետո էլ Գլխավոր շտաբի պետը շարունակում է ենթարկվել ՀՀ պաշտպանության նախարարին։

Տոնոյանն անդրադառնում է նաև պատերազմի պատճառներին՝ նշելով, որ երկարաժամկետ և կայուն անվտանգության ապահովման ու տնտեսական զարգացման հարցերն առկա աշխարհաքաղաքական պայմաններում եղած բնագծերով և հայեցակարգային պաշտպանական կեցվածքով չէին լուծվելու, ու բանակցությունների ձախողումը վաղ թե ուշ հանգեցնելու էր պատերազմի։ Մինչդեռ պատերազմի և պարտության հիմնական պատճառներից էին պատերազմի փոխարեն խաղաղության նախապատրաստումն ու անթաքույց պարտվողականության քարոզը, ինչպես նաև Հայաստանի ու Ադրբեջանի միջև քաղաքական-ռազմական հավասարակշռության խախտումը, որը պայմանավորված էր փաշինյանական ռեժիմի կողմից անվտանգության մարմինների և բանակի կառավարման համակարգի կազմաքանդմամբ ու Հայաստանի արտաքին քաղաքական մեկուսացման հետևողական քայլերով։

Եթե պատերազմում ռազմական գործողությունների ծավալման սցենարները կանխատեսվեին՝ հաշվի առնելով նաև վերջին տասնամյակում Մերձավոր արևելքում ընթացող մարտական գործողությունների փորձառությունը, և ռազմական գործում կիրառվեին նոր տեխնոլոգիական լուծումներ զինված ուժերի կառավարելիության բարձրացման ու զորատեսակների կարողությունների ավելացման նպատակով, մենք կունենայինք պատերազմի բոլորովին այլ արդյունք։

Այնինչ Հայաստանի քաղաքական-ռազմական ղեկավարությունը հետևողականորեն.

– Չնախապատրաստեց երկիրը և բանակը մոտալուտ պատերազմին,

– Խառնաշփոթ մտցրեց բանակը պահեստազորով համալրելու գործընթացում,

– Չօգտագործեց մեր զինված ուժերի հնարավորությունները թշնամու ստրատեգիական ենթակառուցվածքները խոցելու համար,

– Ի վերջո, կազմակերպեց պարտություն և ստորագրեց կապիտուլյացիոն փաստաթուղթ։

Այս ամենը վկայում է այն մասին, որ իշխանությունների պաշտոնական վարքագծում առկա է հանցավոր արարքների համակցություն, որի համար վերջինները պետք է պատասխանատվություն կրեն։ Հենց այս քրեաիրավական համատեքստում է, որ մոտ ապագայում քրեական հետապնդում իրականացնող մարմինները կպարզեն, թե արդյոք պատասխանատու պաշտոնատար անձանց և այդ թվում նախկին նախարար Տոնոյանի արարքներում առկա են մինչև ռազմական դրությունը և դրա ընթացքում հանցակազմի տարրեր, որոնք հանգեցրել են ողբերգական հետևանքների։ Այս առումով, Տոնոյանի հարցազրույցը մի յուրօրինակ ինքնախոստովանական ցուցմունք է, որը, կարծում եմ, կդրվի քննության հիմքում»,- գրել է Գասպարյանը։