Զարիֆը շրջագայություն է սկսել 5 երկրների մայրաքաղաքներով, որոնք, նրա կարծիքով, շրջանում խաղաղություն կարող են հաստատել: Դա ռուս-թուրքական առաջարկի 6-ի պլատֆորմի հավանական մասնակից երկրներն են՝ Ռուսաստան, Թուրքիա, Բաքու, Վրաստան, Իրան եւ Հայաստան: Զարիֆն արդեն եղել է Բաքվում եւ Մոսկվայում: Բաքվում նա շնորհավորել է «Ադրբեջանին վերջին հաղթանակների կապակցությամբ», իսկ Մոսկվայում տպավորվել է ռուս-թուրքական սիներգիայի վերաբերյալ Լավրովի դասախոսությունից եւ նշել, որ դրա արդյունքում հակամարտությունն անցյալում է, եւ տեւական խաղաղություն ու համագործակցություն կարող է հաստատվել տարածաշրջանում:
Այլ խոսքով, Իրանը հանձնվել է ռուս-թուրքական սիներգիային, որը Չավուշօղլուն ավելի պարզ ու կտրուկ էր ձեւակերպել՝ տարածաշրջանը հավասար կիսելու Ռուսաստանի ու Թուրքիայի համաձայնություն, որից Իրանին ցուցադրաբար դուրս թողեցին: Լավրովը Թեհրանին հանգստացրել է, որ հաղորդակցությունների բացումը չի վնասի նրա տրանզիտային շահերին, եւ ցույց տվեց ասպարեզը՝ 6-ի պլատֆորմը, որտեղ Իրանը կարող է իր բաժինը ստանալ Հայաստանի մասնատումից:
Արա Այվազյանի խոսքը Իրանի ԱԳ նախարարի հետ հանդիպմանը ոչ միայն պետական արժանապատվության դրսեւորում է (հատկապես ներկայում Հայաստանում դրա խիստ դեֆիցիտի պայմաններում, ինչն անկասկած պետք է գնահատել), այլեւ քաղաքական դիրքորոշման արտահայտում՝ Հայաստանը չի համարում, որ խնդիրը կարգավորված է, քանի որ այն ամենը, ինչ տեղի է ունեցել, Հայաստանի ու հայկական իրավունքների հաշվին է: Միեւնույն ժամանակ, ՀՀ ԱԳ նախարարի խոսքում ակնարկ կա այն մասին, թե ինչի կարող է հանգեցնել այս ընթացքի շարունակումը, այդ թվում Իրանի համար, որն անկասկած ռուս-թուրքական սիներգիայի հաջորդ թիրախն է, կամ արդեն դարձել է այդպիսին:
Հանուն արդարության իհարկե պետք է նշել, որ պատերազմի օրերին Իրանը հնարավոր է Հայաստանից համոզիչ ու հստակ ազդակներ չի ստացել իր հավանական միջամտության դեպքի համար: Սակայն դա չի փոխում իրավիճակը, եւ տրանզիտի ու խաղաղության վերաբերյալ տարտամ խոստումները Իրանի համար չեն կարող երաշխիքներ լինել:
Նյութի աղբյուր՝ https://www.lragir.am/2021/01/27/616822/