Ռուսաստանում Հայաստանի դեսպանատան կողմից, Պոդոլսկում ՃՏՊ-ի մեջ Հայաստանի քաղաքացի Հրաչյա Հարությունյանի իրավունքները պաշտպանելու համար վարձած փաստաբան Ռուբեն Մարգարյանը, Ռուսաստանից մեկ ամսով հանգստի է մեկնել: Այս մասին Regnum գործակալության լրագրողներին հայտնի է դարձել փաստաբանական շրջանակների աղբյուրներից: Համաձայն աղբյուրի, Մարգարյանի առաքելությունը դժվարացել է նաև այն հանգամանքով, որ նա չի տիրապետում հայերենին, իսկ Հրաչյա Հարությունյանը` ռուսերենին: Այժմ Մարգարյանին փոխարինում է նրա օգնական փաստաբան Անիսկինը, ով նույնպես առանց թարգմանիչի չի կարողանում հասկանալ Հարությունյանին: Հայաստանի դեսպանատունը, Ռուսաստանում հայերի միության միջնորդությամբ փաստաբանի և մեղադրյալի միջև հանդիպումներից մեկում հրավիրել է թարգմանիչ, սակայն վերջինիս ուղղակիորեն չեն թույլատրել մուտք գործել մեկուսարանի տարածք` մեկնաբանելով իրենց որոշումը այն հանգամանքով, որ թարգմանիչը համապատասխան կարգավիճակ չունի:
Միաժամանակ ինչպես հաղորդում են գործակալության աղբյուրները, հետաքննությունը անցկացնում է գործի բոլոր հանգամանքների փորձաքննություն: Այդ թվում նաև ուսումնասիրվում է այն հանգամանքը, թե ինչպես է Հայաստանի քաղաքացին հայտնվել բեռնատարի ղեկին, որի տեխնիկական վիճակը առնվազն առաջացրել է հարցեր: Քանի որ համաձայն վարկածներից մեկի ավտովթարի պատճառ է հանդիսացել գերբեռնումը, ապա տրանսպորտային միջոցի շահագործումը արտոնած մարդկանց պատասխանատվության հարց է առաջանում: